Բաժիններ՝

Մարզային ո՞ր ԲԿ-ներն են պատրաստ ընդունել COVID 19-ով հիվանդներին

Շուրջ տասն օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարին շուտով միանալու է նաև մարզային մի քանի բուժհաստատություն՝  Սպիտակի, Վեդիի և Մարտունու ԲԿ-ները։ Ավելի ուշ՝ պարետատան հերթական նիստից հետո, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ համակարգի ծավալի ընդլայնման ուղղությամբ նոր աշխատանքներ են կատարվել և որոշվել է, որ Վեդիի, Սպիտակի, Դիլիջանի, Մարտունու ԲԿ-ները մեծացնեն իրենց ծավալները։ Երևանյան հիվանդանոցներում նույնպես ծավալների ընդլայնում է տեղի ունեցել` «Արմենիա» ԲԿ-ն նույնպես կզբաղվի կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ։

168.amը զրուցել է նախարարի նշած մարզային բուժհաստատությունների աշխատակիցիների հետ և փորձել պարզել՝ ի՞նչ փուլում է վերապրոֆիլավորման գործընթացը, և արդյո՞ք արդեն սկսել են ընդունել covid 19-ով հիվանդներին:

«Վեդի» ԲԿ տնօրեն Արամ Գրիգորյանը մեզ հետ զրուցում տեղեկացրեց, որ  բուժկենտրոնն արդեն սպասարկում է Covd19-ով հիվանդների. Այս պահին բուժում է ստանում շուրջ 40 հիվանդ.

«Աշխատանքներ են կատարվում, որպեսզի մինչև երկուշաբթի կարողանանք 80-90 հիվանդ սպասարկել»:

Ի տարբերություն Վեդի ԲԿ-ի՝ Սպիտակի ԲԿ-ն դեռ չի ավարտել վերապրոֆիլավորման աշխատանքները:

«Դեռ չի գործում. վերապրոֆիլավորման գործընթացի մեջ է»,- մեզ փոխանցեց ԲԿ-ի աշխատակիցը:

Դիլիջանի ԲԿ-ից մեզ տեղեկացրեցին, որ արդեն մի քանի օր է՝ սպասարկում են  Covid 19-ով հիվանդների: ԲԿ տնօրեն Ռուբեն Բաբակեխյանը մասնավորապես հայտնեց, որ այս պահին բուժում են ստանում 18 հիվանդներ.

«Վաղը քանակները կփոխվեն, ավելի շատ հիվանդների կընդունենք»:

Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ դեռ շինարարության փուլում են.

«Նախարարության կողմից ծավալներ ավելացան, դրա համար դեռ շինարարության փուլում ենք: Զուգահեռ կազմակերպվում է մնացյալ աշխատանքները՝ բուժսարքեր և այլ գործիքները, որոնք անհրաժեշտ են նոր բաժանմունքի համար»:

Հարցին՝ ե՞րբ են նախատեսում ընդունել հիվանդների, Ա. Հարությունյանը պատասխանեց.

«Մի շաբաթից կամ տասն օրից»:

Հիշեցնենք, ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր Covid 19-ով հիվանդներին սպասարկող բուժկենտրոնների խնդրին՝ հաշվի առնելով ահազանգերը, որ առողջապահական համակարգը ոչ արդյունավետ է օգտագործել հանրապետության բուժհաստատությունների ռեսուրսները, քանի որ, ըստ տարբեր հրապարակումների՝ եղել են բուժհաստատություններ, որոնք ունեցել են վարակակիրներին սպասարկելու ներուժ և չեն սպասարկել: Առողջապահության նախարարությունից ցանկացել էինք տեղեկանալ, թե ինչպե՞ս են ընտրել, թե ո՞ր հիվանդանոցները պետք է սպասարկեն Covid 19-ով վարակակիրների, որո՞նք՝ ոչ: Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը չէր մեկնաբանել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս