Բաժիններ՝

Հոսպիտալացման իրենց հերթին սպասող 200 վարակակիրները և Covid 19-ով հիվանդներին սպասարկող բուժկենտրոնների առեղծվածը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին պարետատան նիստից հետո անցկացրած ճեպազրույցում նշել էր, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ սպասում է հոսպիտալացման իր հերթին:

«Դառնությամբ եմ ասում, բայց այսօրվա դրությամբ շուրջ 200 հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգն այնքան ծանր է աշխատում, որ չենք հասցնում նրանց տեղավորել: Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել»,- հայտնել էր Նիկոլ Փաշինյանը:

Հայտարարությունն իսկապես ցնցող էր և արձանագրում էր, որ առողջապահական համակարգը դժվարությամբ է դիմակայում իրավիճակին:

Կիրակի օրը, սակայն, Ֆեյսբուքում Արմեն Գրիգորյան անունով օգտատերը (ի դեպ, նախկին բժիշկ) ֆեյսբուքյան գրառմամբ կասկածի տակ դրեց պնդումները, թե Հայաստանում
հիվանդանոցներում տեղ չկա, ռեանիմացիոն բաժանմունքները գերբեռնված են:

«Ահագին հիվանդանոցներ Երևանում (մարզերում չգիտեմ) ԴԱՏԱՐԿ են։ Ինչո՞ւմն է բանը։ Այդ հիվանդանոցները պատկանում են «նախկիններին» – 3 ը՝ «Նաիրին», բժշկական համալսարանի ԲՈԼՈՐ կլինիկաները»,- գրել էր օգտատերը՝ նկատելով, թե նպատակը գուցե կորոնավիրուսի վարակակիրների համար «ստացած փողերը» նեղ շրջանակով յուրացնելն է:

«Վերոհիշյալ կլինիկաների ռեանիմացիոն բաժանմունքները կանգնած են ԴԱՏԱՐԿ իր ամբողջ անձնակազմով։
Բուժաշխատողները չեն հերիքում…
ՁԻԱՀ կենտրոնի բարձր որակի ճարակաբանները ՉԵՆ ԱՇԽԱՏՈւՄ։ Վերոհիշյալ հիվանդանոցի բժիշկները ԿՈՎԻԴ հիվանդների հետ ՉԵՆ աշխատում։ Ինչո՞ւ։ Որ պետբյուջեի ֆինանսավորումը Կովիդ բուժելու համար ստանան ՄԻԱՅՆ ինֆեկցիոնը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, «Աստղ» ԲԿ-ն»,- հավելել էր նա՝ հորդորելով ԱԱԾ-ին և Ոստիկանությանը ստուգել տեղեկությունները և վերահսկել ֆինանսական հոսքերը, որոնք ուղղվում են կորոնավիրուսով վարակակիրների բուժմանը:

Այս հայտարարություններն իրարամերժ քննարկումների առիթ դարձան՝ շատերը գրառման հեղինակին մեղադրեցին ոչ ճշտված տեղեկություններ փոխանցելու մեջ:

Սակայն գրառումից ժամեր անց, զարմանալիորեն, հենց կիրակի օրը Առողջապահության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ.
«Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:
Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել»:

Ի լրումն այս ամենի՝ Ֆեյսբուքում ուշագրավ մեկ այլ գրառում էլ կատարեց Երևանի Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին՝ տեղեկացնելով, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ covid-բաժանմունքն ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով՝ դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով.

«Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժհաստատությունների։
Ո՞վ է սրա պատասախանը տալու»:

Վահան Արծրունու գրառմանը ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյբուքյան իր էջում անդրադարձել էր, սակայն այդպես էլ չէր պատասխանել հնչեցված մեղադրանքներին:

«Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։

Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»,- գրել է Նիկողոսյանը։

168.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը վերահաստատեց, որ նախարարությունն առաջին իսկ օրվանից տեղյակ է եղել համալսարանական հիվանդանոցների ներուժի մասին:

«Թե ինչու չի օգտագործվել այն, դա արդեն ոչ մեր տիրույթում գտնվող հարց է»,- ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը:

Շ. Դանիելյանը նշեց, որ ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի covid-բաժանմունքում կա 10 մահճակալ, և ևս 11 մահճակալ՝ ռեանիմացիոն մեկուսարանում, որոնք ցայսօր չեն օգտագործվել:

Ի դեպ, միայն երեկ՝ կիրակի օրն է առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը որոշել այցելել «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց և
ԵՊԲՀ ղեկավարության հետ քննարկել՝ ինչպես թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, այնպես էլ ՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու հնարավորության հարցը:

Շուշան Դանիելյանը հավելեց. «Եթե Միքայելյանի նպատակահարմարությունը հաստատվի, մոտ երկու ամիս ժամկետ կպահանջի»:

Ասել է թե՝ դեռ երկու ամիս առաջ էր հնարավոր լուծել վարչապետի նշած 200 վարակակիրների սպասարկման հարցը:

Առողջապահության նախարարությունից ցանկացանք տեղեկանալ, թե ինչպե՞ս են ընտրել՝ ո՞ր հիվանդանոցները սպասարկեն Covid 19-ով վարակակիրների, որո՞նք՝ ոչ:

Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը չցանկացավ մեկնաբանել:

168.am-ը մի քանի մեծ հիվանդանոցներից ևս հետաքրքրվեց՝ արդյո՞ք ներառված են Covid 19-ով հիվանդներին սպասարկող հիվանդանոցների շարքում, եթե ոչ՝ պատրա՞ստ են մասնակցել այդ գործընթացին:

Մեր հարցադրումներին ի պատասխան՝ «Նաիրի» ԲԿ-ից խոստացան ավելի ուշ պատասխանել, պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք այն:

«Էրեբունի» բ/կ-ից տեղեկացանք, որ այնտեղ արդեն բուժվում են կորոնավիրուսով հիվանդներ:

«Չեմ կարող հստակ ժամկետներ ասել՝ երբվանից, բայց կովիդով հիվանդների ընդունում ենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս