«Պաշտոնանկությունների մեջ դեր են ունեցել Գագիկ Ծառուկյանի, Նվեր Ծառուկյանի և այլոց շուրջ քրեական գործերը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հունիսի 5-ին, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողել է, պետք է 100 տոկոսով փոխվի, իր խոսնակն արձագանքել է, նշելով, որ, հավանաբար, Գ. Ծառուկյանը մտահոգվել է մի շարք քրեական գործերով, և նրա հայտարարության պատճառը դա է:
«2018 թվականին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր Կառավարության կազմում էին, քրեական գործ էր հարուցվել ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ, որից հետո Էդուարդ Բաբայանը կալանավորվել է, այնուհետև գործն ուղարկվել է դատարան, որից հետո կայացվել է մեղադրական դատավճիռ: Սա՝ այն ժամանակ, երբ իրենք իշխանության մեջ էին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ 2019 թվականին հունվարի 29-ին Աբովյանում հայտնի սպանության առիթով հարուցվել է քրեական գործ, որից հետո Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, հարցաքննվել է որպես վկա՝ փաստացի կասկածի շուրջ: Այս ամենին հաջորդել է խուզարկությունը, որը կատարվել է Նվեր Ծառուկյանի բնակության վայրում, այդ թվում՝ Ծաղկաձորի առանձնատանը:
Վարչապետը հերթով թվարկեց այն քրեական գործերը, որոնք հարուցվել են «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Սեդրակ Առուստամյանի և Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ:
«Կորոնավիրուսի հետ կապված այն պաշտոնանկություններն ինչ-որ առումով եղել են կուլմինացիա, բայց այդ պաշտոնանկությունների մեջ նաև որոշակի դեր է ունեցել Գագիկ Ծառուկյանի, Նվեր Ծառուկյանի և այլոց շուրջ քրեական գործերը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ պաշտոնանկություններ ասելով՝ վարչապետ Փաշինյանը նկատի ուներ ԱԱԾ ղեկավարի, ոստիկանապետի, ՊԵԿ նախագահի և ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հրաժարականները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում