
«Գագիկ Ծառուկյանի գործն ունի քաղաքական ուղղվածություն. փորձ է արվում՝ քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու». Արթուր Վանեցյան

«Երեք քաղաքական ուժերի կողմից եղել է քաղաքական հայտարարություն, որտեղ ամբողջովին արտացոլված են մեր մոտեցումները՝ և՛ գործի, և՛ ընդհանուր առմամբ, երկրում տիրող իրավիճակի հետ կապված»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ դատարան է եկել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի գործն ունի քաղաքական ուղղվածություն. «Փորձ է արվում՝ քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու: Գլխավոր դատախազը, որ ներկայացրեց մեղադրանքները, որևէ կերպ չկարողացավ համոզել հանրությանը և ինձ, որ մեղադրանքը հիմնավոր է: Այն հիմքերը, որոնք ներկայացվել են հանրությանը, որոնք հասանելի են բոլորիս, հիմք է տալիս ենթադրելու, որ այստեղ չկան հիմնավոր ապացույցներ, չկա ուղիղ ցուցմունք, այդ հարցին չպատասխանեց գլխավոր դատախազը, ուստի այն, ինչ ունենք, հիմք է տալիս ենթադրելու, որ բացակայում է հիմնավոր կասկածը՝ պարոն Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու»: