«Արթուր Վանեցյանի հետ լինելու է այն, ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ. վստահ եմ։ Պատրաստ ենք դիմավորել ԱԱԾ-ին». Արսեն Բաբայան
Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է, որ արտախորհրդարանական ուժերն այսքան ուժեղ և այսքան միասնական են, ունեն մեկ հստակ պահանջ, ըստ որի՝ այս կառավարությունը պետք է հեռանա։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Եթե մենք ուսումնասիրում ենք այս իշխանության պաշտոնավարման ընթացքում տարբեր ուժերի կողմից արված հայտարարություններն ու դրանց արձագանքները, ապա տեսնում ենք, որ որոշակի ժամանակ անց իշխանությունն այդ կոչերին հետևում է, այլ բան է, սակայն՝ ուշացումով։ Այնպես որ, ընդդիմադիր ուժերը հիմա կոչ են անում, որ այս կառավարությունը պետք է անհապաղ հեռանա։ Վստահ եմ՝ այս իշխանությունը վաղը ներողություն է խնդրելու ամբողջ պետական կառավարման համակարգի հերն անիծելու համար։ Այս իշխանությունը հավաքելու է իր իրերն ու չքվի՝ ուզի՞ դա, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանն այլ ճանապարհ չունի, ուզի թե չուզի՝ պետք է դիմի այդ քայլին, և որքան շուտ՝ այնքան լավ իր համար»,- ասաց Բաբայանը։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամի խոսքով՝ վատ իշխանությունը պատերազմի պայմաններում որակվում է՝ որպես վատ հրամանատարական կազմ, իսկ այդ պարագայում վատ հրամանատարական կազմը պարտավոր է լքել իր դիրքերը։
Ինչ վերաբերում է կառավարության հրաժարականը պահանջող «Հայրենիք» կուսակցության ունեցած ռեսուրսներին՝ ապա, ըստ Բաբայանի, նոր կառավարության ձևավորման հարցը պետք է լուծվի քաղաքական ուժերի միացման ճանապահով, ուստի որպես ռեսուրս՝ պետք է դիտարկել ժողովուրդն ու հանրությունը։
«Իսկ Արթուր Վանեցյանն ունի և հանրության, և ժողովրդի աջակցությունը, և դրա վկայությունն է մեր կուսակցության աննախադեպ համալրումը»,- ասաց Արսեն Բաբայանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի և գործող կառավարության այլընտրանքն ազգային համաձայնության կառավարությունն է, որի մաս պետք է կազմեն քաղաքական, հասարակական, գիտական շրջանակները, իսկ կառավարությունը պետք է լինի անցումային։
«Այս նոր ձևավորվող կառավարությունը պետք է պետությանը պատրաստի արտահերթ ընտրությունների՝ նախապես իրականացնելով «Կուսակցություների մասին», «Ընտրական օրենսգրքի» մասին օրենքներում փոփոխություններ, որի նպատակը պետք է լինի՝ քաղաքական ուժերի համար ստեղծել հավասար պայմաններ։ Այս անցումային կառավարությունը պետք է կարողանա նաև երկիրը դուրս հանել այս արտակարգ իրավիճակից, իսկ դրա համար արդեն իսկ կա կոնսոլիդացիա. հայտնի քաղաքական ուժերը հավաքվել են մեկ քաղաքական օրակարգի շուրջ, և ես չեմ ուզում առանձնացնել ոչ Արթուր Վանեցյանին, ոչ Գագիկ Ծառուկյանին, որովհետև այս համախմբման մեջ էական չէ անձը։ Չեմ էլ ուզում քննարկել, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, ազգային համաձայնության կառավարության ձևավորման ընթացքում այդ անձը տեսանելի կլինի, սակայն պետք չէ նախապես հենվել այդ անձի վրա»,- ասաց Արսեն Բաբայանը։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը չունի մտավախություն, որ Ազգային համաձայնության կառավարությանը հասնելու ճանապարհին իշխանությունն ինչ-որ պահի կարող է մեկուսացնել Արթուր Վանեցյանին։
«Արդեն 5-6 ամիս է՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված է հրահանգ՝ որևէ պատրվակով մեկուսացնել Արթուր Վանեցյանին։ ԱԱԾ նախկին տնօրենն ու ոստիկանապետը փոխվեցին, որովհետև նրանք կարողացել էին բացատրել Նիկոլ Փաշինյանին, որ չկա որևէ հիմք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին մեկուսացնելու համար։ Այսօր տեսնում ենք մի 29-ամյա երիտասարդի, որը չունի սպայի փորձ, նշանակվել է ԱԱԾ տնօրեն և իրականացնում է քաղաքական հետապնդում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի նկատմամբ։ Ես վստահ եմ, որ Արթուր Վանեցյանի հետ լինելու է այն, ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց մենք պատրաստ ենք դիմավորել թե՛ ԱԱԾ-ի, թե այլ ուժային կառույցների ներկայացուցիչներին, պատրաստ ենք դիմավորել, բայց վերջում հաղթելու ենք հաստատ»,- ասաց Արսեն Բաբայանը՝ նշելով, որ ունեն նաև սցենարներ այն դեպքերի համար, երբ կուսակցության ղեկավարը քաղաքական պայքարի ինչ-որ փուլում մեկուսացվի։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում