Պարետատան որոշմամբ՝ եթե անգամ դիմակով եք, ոստիկանները կարող են անձը հաստատող փաստաթուղթ պահանջել. պարզաբանում
Երեկվանից Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Փարաքարի ՃՈ-ի մոտ: Այսօր արդեն մեքենաներում գտնվող քաղաքացիներից ոստիկանները պահանջում են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ անկախ նրանից՝ դիմակ կրում են, թե ոչ:
168.am-ը Ոստիկանության լրատվականից փորձեց պարզել, թե ո՞րն է նման գործողություններ իրականացնելու պատճառը:
– Ուժեղացված ծառայության շրջանակներում ստուգումներ են իրականացվում:
– Անձնագրի պահանջը դրանո՞վ է պայմանավորված:
– Ուժեղացված ծառայություն է իրականացվում՝ հակահամաճարակային միջոցառումների շրջանակում:
– Այսինքն՝ միայն մարզերից մայրաքաղաք եկող ճանապարհներին է ուժեղացված ծառայություն իրականացվում: Երևանում հակահամաճարագային միջոցառումներ և ուժեղացված ծառայություն չե՞ն իրականացվում:
– Որտե՞ղ։
– Երևան քաղաքում:
– Իրականացվում է, ոնց չի իրականացվում, ամբողջ հանրապետությունում է իրակացվում:
168.am-ը կապ հաստատեց նաև պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ.
– Արդյո՞ք ոստիկանները կարող են մոտենալ և անձնագիր պահանջել այն քաղաքացիներից, ովքեր դիմակ են կրում:
– Անձնագիր պետք է ունենան բոլորը, որովհետև կարող է՝ անձը դիմակով է կամ դիմակը ձեռքին է, այդ պահին ջուր է խմում կամ որոշել է նստել՝ հանգստանալ և դիմակը դրել է գրպանում, և այլն, որպեսզի ավելի հեշտ լինի ֆիքսելը, խնդիր է դրվել, որ բոլորի մոտ ուղղակի պարտադիր լինի դա:
– Ոստիկանները կարո՞ղ են փողոցով դիմակով քայլող մարդուն մոտենալ և ասել՝ ցույց տվեք ձեր անձնագիրը:
– Որքանով ես եմ տեղյակ այս որոշումից՝ այո, այդպես է, այսինքն՝ կարող է և մոտենան և անձը հաստատող փաստաթուղթ ուզեն:
– Տեսեք՝ Փարաքարի ՃՈ-ի մոտ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում, և բոլոր քաղաքացիներից պահանջում են ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթ: Սա պարետատան որոշման հետ կապ ունի՞, թե՞ ոչ:
– Իրականում, որոշումն այնպիսին է, որ ընդհանրապես բոլորը պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Ենթադրում եմ, որ դրա շրջանակներում է, որ Ոստիկանության աշխատակիցները պահանջում են դա:
– Այսինքն՝ եթե անգամ մարդը դիմակով է, ոստիկանները կարող են մոտենալ և անձնագիր պահանջել, պարետատան որոշումն այդպիսին է:
– Այո, որոշումն այդպիսին է:
168.am-ը կապ հաստատեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ հասկանալու համար, թե այս որոշումն արդյո՞ք մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց չէ: ՄԻՊ գրասենյակին մանրամասն ներկայացրեցինք նաև Փարաքարի ՃՈ-ի մոտ ոստիկանների իրականացրած գործողությունները:
«Այս պահին հարցը մեզ մոտ ուսումնասիրվում է»,- 168.am-ին փոխանցեցին ՄԻՊ գրասենյակից: