«Սա առաջին բուժումն է, որի արդյունքները ցույց են տալիս COVID-19 հիվանդների շրջանում մահացությունների նվազում». ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «գիտական բեկում» է անվանել բրիտանական RECOVERY կլինիկական հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ դեքսամետազոնի ցածր չափաբաժնով ստերոիդային բուժումը նվազեցնում է կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացությունը: Այս մասին ասված է ԱՀԿ-ի պաշտոնական էջում։

«Սա առաջին բուժումն է, որի արդյունքները ցույց են տալիս COVID-19 հիվանդների շրջանում մահացությունների նվազում»,- ասված է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսի հայտարարության մեջ:

«Սա հիանալի նորություն է, և ես շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին, ինչպես նաև բազմաթիվ բրիտանական հիվանդանոցներին և հիվանդներին, որոնք նպաստել են կյանքի փրկմանն ուղղված այս գիտական առաջընթացին»,- ասված է նրա հայտարարության մեջ։

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Հորբիի խոսքով՝ դեքսամետազոնը «առաջին դեղամիջոցն է, որը ծանր հիվանդների բուժման համար արդյունավետություն է ցույց տվել»:

Մասնագետները պարզել են, որ դեքսամետազոնը երեք անգամ նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիք ունեցող հիվանդի մահանալու վտանգը: Իսկ թթվածնի կարիք ունեցողների պարագայում մահվան վտանգը հնգակի է կրճատվում:

Հետազոտողները պնդում են, որ եթե այս դեղամիջոցը համավարակի սկզբից ի վեր օգտագործվեր կորոնովիրուսով հիվանդներին բուժելու համար, մինչև 5000 կյանք փրկված կլիներ:

Այս դեղամիջոցը մեծապես կարող է օգտակար լինել աղքատ երկրներում, որտեղ մեծ է կորոնավիրուսով հիվանդների թիվը:

Գիտափորձի շրջանակում, որը ղեկավարել են Օքսֆորդի համալսարանի մասնագետները, շուրջ 2000 հոսպիտալացված հիվանդի դեքսամետազոն է տրվել: Այնուհետև նրանց բուժման ընթացքը համեմատվել է ևս 4000 հիվանդի տվյալների հետ, որոնք այս դեղամիջոցը չեն ստացել:

Տեսանյութեր

Լրահոս