Որո՞նք են արտակարգ դրությունից ամենաշատ տուժած ոլորտները
2020-ի ապրիլին, մարտի համեմատ, կրճատվել է 11.434 աշխատատեղ. 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՊԵԿ-ից: Ըստ մեզ տրամադրված գրաֆիկի՝ առանձնացված 22 ոլորտներից միայն 4-ում է աշխատատեղերի քանակն աճել, մնացած 18-ում պակասել է: Կրճատված աշխատատեղերի քանակը 12.527 է, ավելացածներինը՝ 1093 (ընդհանուր առմամբ պակասել է 11.434 աշխատատեղ):
Այս կրճատումները եղել են մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն հայտարարելու և մի շարք ոլորտների աշխատանքն արգելելու ֆոնին: Մայիսի տվյալները հայտնի կլինեն ավելի ուշ:
ՊԵԿ-ից մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ արտակարգ դրության ընթացքում ամենաշատ տուժած ոլորտը Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտն է: Մարտի համեմատ՝ ապրիլին այս ոլորտը կորցրել է 3851 գրանցված աշխատատեղ: Հաջորդ ամենատուժածը կրթության ոլորտն է. նույն ժամանակահատվածում այստեղ կրճատվել է 1996 աշխատատեղ: «Առաջատար եռյակը» եզրափակում է Մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգման ոլորտը. այստեղ կրճատվել է 1952 աշխատատեղ:
Սպասարկման և այլ ծառայությունների ոլորտում կրճատվել է՝ 923, մշակող արդյունաբերության ոլորտում՝ 827 աշխատատեղ:
Աշխատատեղերի կրճատման ամենացածր ցուցանիշը գրանցած ոլորտը մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտն է. Ապրիլին՝ մարտի համեմատ, կրճատվել է ընդամենը 1 գրանցված աշխատատեղ:
Աշխատատեղերի աճ է գրանցվել Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում, հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման, ինչպես նաև շինարարության ոլորտներում:
Աշխատատեղերի աճ գրանցած ոլորտներում առաջատարը Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտն է. մարտի համեմատ՝ ավելացել է 434 գրանցված աշխատատեղ, դրան հաջորդում է շինարարության ոլորտը՝ +181 աշխատատեղով: