Բաժիններ՝

«Երբ որ վարչապետը համաշխարհային մշակույթից միայն «Կարգին կասետն» է նայել, դա բերում է այսպիսի հետևանքների». Արմեն Գրիգորյան

«Մի կողմից՝ այսօր ոչ մի բանի վրա չի կարելի զարմանալ, հատկապես՝ Հայաստանում, իսկ մյուս կողմից՝ ախր սա այնքան անհավանական ու անիմաստ պատմություն է, որ, իհարկե, շատ նման առավոտյան սուրճ խմելու ընթացքում ընտանեկան շրջապատում հորինված պատմության»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրառմանը, և հետագայում Ազգային ժողովում նույն պատմության վերարտադրմանը՝ ասաց կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում Աննա Հակոբյանը պատմել էր. «Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին և «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն. «Մերի, Նառան է՝ վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու, չէ՞: Դոլա՞ր, թե՞ եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա՝ կվերցնի. 35 հազար դոլար: Վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը, և ուղևորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետևել է, թե նա ուր է գնում: Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի»:

Նրա այս գրառումից հետո Ազգային ժողովում հետևեց Նիկոլ Փաշինյանի ելույթը նույն թեմայով: Նա հայտարարել է՝ Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա, ապա պատմել է իր կնոջ գրած պատմությունը:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ երբ ինքն առաջարկում էր զարգացնել կինոարդյունաբերությունը Հայաստանում, ինքը նաև այս իրավիճակները նկատի ուներ:

«Երբ որ վարչապետը համաշխարհային մշակույթից միայն «Կարգին կասետն» է նայել, դա բերում է այսպիսի հետևանքների»,- ասաց կինոպրոդյուսերը՝ հընթացս ներկայացնելով մի պատմություն, որը, ըստ իրեն, չափազանց ճշմարտանման լինելով՝ կարող էր պայթեցնել համացանցը:

«Ուրեմն 1-ին օրը պետք է ասվեր, որ կան տեղեկություններ, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները տեղեկատվական պատերազմ են հայտարարել Հայաստանին, և պլան է մշակված լեգիտիմ իշխանության վարկանիշը հասարակության մոտ գցելու համար: Երկրորդ օրը լրիվ ուրիշ մարդ կարող էր պատմել այս պատմությունը, թեպետ կարելի էր ավելի լավ բան մտածել»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ նկատելով, որ այս պատմությունը նախորդ դարի 30-ական թթ. արդեն պատմվել է:

Ըստ այս սցենարի՝ պետք է 50 000-ից ավելի ազգաբնակչություն ունեցող բնակավայրերում նախապես վարձված մարդիկ հասարակական տրանսպորտի միջոցով տարածեին նմանօրինակ լուրեր:

«Արդեն 3-րդ օրը պետք է ասեին, որ այս ցանցը բացահայտված է: 4-րդ օրը պետք է անեին այն, ինչ արդեն մեկ անգամ արել էին:  Մի կին նստեցնեին, ով ճղճղան ձայնով կպատմեր, որ ինքը մեղավոր չէ, սոցցանցերով իր հետ կապվել է, ասենք, ոմն Վոլոդյա, ասել, որ սոցիալական էքսպերիմենտներ են անում տարբեր երկրներում՝ մարդկանց արձագանքը նման լուրերին ստուգելու համար, և իրեն բավականին լավ գումար են առաջարկել, ինքն էլ համաձայնել է: Թե չէ, ինքը որ իմանար, չէր համաձայնի, ախր ինքը պաշտում է վարչապետին»,- սցենարի հավանական զարգացման իր տարբերակն առաջարկեց կինոպրոդյուսերը:

Հարցին, թե կհամաձայնե՞ր ինքն արդյոք նման սցենարով ֆիլմ նկարել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ ֆիլմ՝ ոչ, որովհետև ֆիլմը վեհ բան է, իր համար բարձր արժեք ունի:

«Սա շատ էժանագին բան է: Ես ֆիլմ նկարելիս շատ ավելի բարդ սցենարների վրա եմ աշխատում»,- նշեց Արմեն Գրիգորյանը:

Որպես օրինակ՝ նա հիշեցրեց, որ ամերիկյան երկնաքերների պայթեցումից հետո Ջորջ Բուշի հրամանով՝ մոտ 1.5 ամիս, երկրի լավագույն սցենարիստները, ռեժիսորներն ու պրոդյուսերները մեկուսացման պայմաններում գրել ու մշակել են գրոհայինների կողմից Ամերիկայի վրա հարձակման բոլոր հավանական սցենարները, ու դրանից հետո, ըստ այդ սցենարների, ֆիլմեր են նկարվել, և այլևս Ամերիկայի վրա որևէ գրոհ չի ձեռնարկվել:

«Դրամատուրգիան գիտություն է, ոչ թե առավոտյան վարչապետն ու իր կինն արթնանան, ու Նիկոլ Փաշինյանը կնոջն ասի՝ դու մի հատ գրի, ես հետևից նույնը ԱԺ-ում կասեմ»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ իշխանություններին հորդորելով փոքր-ինչ պրոֆեսիոնալ լինել կամ դիմել պրոֆեսիոնալներին, ովքեր նման բաները շատ ավելի արժանահավատ կարող են հորինել:

Հարցին, թե այսպիսի պատմությունները, իր տպավորությամբ՝ ազդո՞ւմ են արդյոք ժողովրդի վրա, թե՞ ոչ, նա պատասխանեց․

«Իհարկե ազդում են: Եթե մակարդակով բան ես անում, դրամատուրգիական գիտության վրա հիմնված բան ես գրում, շատ մարդկանց վրա է ազդում, իսկ եթե շատ անփույթ գործ ես անում, քիչ քանակ է հավատում: Այստեղ տարբերությունը դրամատուրգի և լրագրողի միջև է: Լրագրողը հավատում է, որ նորությունն ապրում է 1-2 օր, դրա համար մեծ ջանքեր չի ծախսում, իսկ կինոն ապրում է տարիներ: Մտածելակերպի խնդիր է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս