«Հայց ներկայացնելով՝ Խոսրով Հարությունյանն ինքն է իրեն գցել ծուղակը». Արման Բաբաջանյանի ներկայացուցիչ փաստաբան
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, ընթացավ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած քաղաքացիական հայցի դատական հերթական նիստը, որը բավական լարված էր:
Պատասխանող կողմի ներկայացուցիչը դատական նիստի ողջ ընթացքում պնդում էր, թե Արման Բաբաջանյանը հայտարարություններով Խոսրով Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու դիտավորություն չի ունեցել: Հայցվոր կողմն էլ պնդում էր, թե այդ արտահայտություններում այլ բան, քան զրպարտություն, չկար:
Ինչպես այս, այնպես էլ նախորդ դատական նիստերի ընթացքում Արման Բաբաջանյանի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը չի ժխտել և մի քանի անգամ հաստատել է, որ իր վստահորդ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը 2019 թվականի ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում, օգտվելով հարց տալու իր իրավունքից, հարց էր ուղղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին, հնչեցնելով նաև Խոսրով Հարությունյանի անունը, սակայն զրպարտող որևէ արտահայտություն չի կատարել, զրպարտելու նպատակ չի ունեցել, չի արատավորել Խոսրով Հարությունյանի պատիվն ու գործարար համբավը, ուստի իրենց համար պարզ չէ, թե այս գործի շրջանակներում հայցվոր կողմն ինչն է դիտարկել՝ որպես զրպարտող արտահայտություն։
Խոսրով Հարությունյանի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանը հակադարձելով փաստաբան Նորիկյանի դիրքորոշմանը՝ հիշեցրեց, որ ԱԺ այդ նույն նիստում, Գարեգին Բաղրամյանի պատասխանից հետո, Արման Բաբաջանյանը, օգտվելով արձագանքելու իր իրավունքից, ասել էր, որ հանրության շահը չի պաշտպանվել, դեռ ավելին, հանձնաժողովի կողմից այդ շատ կոնկրետ սուբյեկտների իրավունքն է պաշտպանվել, որոնք զբաղված են եղել թալանով:
«Ըստ էության, ևս մեկ անգամ գնահատելով Արման Բաբաջանյանի հայտնած կարծիքն ԱԺ-ի լիագումար նիստի ընթացքում, ոչ միայն կարծիքը, նաև արտահայտել է իր հստակ գնահատականը առ այն, որ ՀՀ-ում բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին, այդ թվում՝ Խոսրով Հարությունյանին, տրամադրվել է արտոնագիր ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների կառավարման, այդ ժամանակահատվածում թալան է տեղի ունեցել, որի մասնակիցը եղել է նաև Խոսրով Հարությունյանը»,- հիմնավորեց փաստաբան Կարինե Բաղդասարյանը՝ նշելով, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, Խոսրով Հարությունյանը ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների կառավարման արտոնագիր չի ունեցել:
Հայցվորի ներկայացուցչի հարցին, թե այն, որ պատասխանող կողմը բազմիցս հայտարարել է, որ պատասխանողը Խոսրով Հարությունյանին վիրավորելու նպատակ չի ունեցել, այդ դեպքում ԱԺ-ում այդ արտահայտությունը հնչեցնելիս՝ Արման Բաբաջանյանն ի՞նչ նպատակով է տվել Խոսրով Հարությունյանի անունը, Նորայր Նորիկյանը ասաց, որ Արման Բաբաջանյանը հայցում նշված հայտարարություններ չի արել, հայցում նշված են իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված հիմքեր:
«Եթե Խոսրով Հարությունյանը զբաղեցրել է տարբեր բարձրաստիճան պաշտոններ, եթե պետական համակարգում թալան է տեղի ունեցել, և եթե Խոսրով Հարությունյանը ենթագիտակցորեն կոնտեքստով ընդունում է, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինքը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնյա, հետևաբար՝ թալան է իրականացրել, դա իրենց ենթադրությունն է, դրա համար մենք ինչո՞ւ պիտի պատասխանատվության ենթարկվենք»,- շեշտեց Նորայր Նորիկյանը:
Նիստի ընթացքում Խոսրով Հարությունյանն անդրադարձավ Արման Բաբաջանյանի ձևակերպումներին՝ նշելով, որ հայոց լեզվի տարրական գիտելիքներ ունեցող մարդը կհասկանա, որ Բաբաջանյանը Խոսրով Հարությունյանին մեղադրել է ապօրինի լիցենզիա ձեռք բերելու մեջ:
Արման Բաբաջանյանի ներկայացուցչի խոսքով՝ նման հայց ներկայացնելով՝ Խոսրով Հարությունյանն ինքն է իրեն գցել ծուղակը:
Ավելի քան երեք ժամ տևած դատական նիստի ընթացքում կողմերը կրկնում էին իրենց պնդումները, հարցերին արձագանքելիս էլ՝ կրկնելով հայցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները:
Աշխատանքային օրվա ավարտին ավարտվեց նաև դատական այս նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 18-ին:
Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած դատական նիստում դատավոր Արշակ Պետրոսյանը նշանակել էր 4 ժամ անվճար արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց, սակայն կողմերը հաշտության չէին գնացել:
Հիշեցնենք նաև, որ 2019 թվականի ապրիլի 18-ին Ազգային ժողովում Արման Բաբաջանյանը, դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին, հետաքրքրվել էր՝ արդյո՞ք որևէ ձևով ընդվզել է, երբ նախկինում ՀԾԿՀ-ն տվել է ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների կառավարման արտոնագրեր նախկին տարբեր պաշտոնյաների, ու տվել էր նաև Խոսրով Հարությունյանի անունը։
Եվ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, այդ հայտարարությունից հետո Հարությունյանը փորձել էր կապ հաստատել՝ ինչպես այդ շրջանում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի, այնպես էլ՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Արձագանք չէր եղել, և Խոսրով Հարությունյանը 2019 թվականի մայիսի 17-ին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու ու պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացրել 2 միլիոն դրամի չափով։
Խոսրով Հարությունյանը մտադիր է 2 միլիոն դրամ փոխհատուցումը փոխանցել զինծառայողների ֆոնդին, որպեսզի «այդ դասալիքից գոնե մի օգուտ զինծառայողները ստանան»: