«Գործարարները Երևանի քաղաքապետարանին մեքենաներ են որոշում նվիրել, երբ տարածքներ ավելացնելու նորություն են ունենում. հոժարակամները շատ են». Թեհմինա Վարդանյան

«Հանրապետություն» կուսակցության արդեն նախկին անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը կուսակցությունից դուրս գալու իր որոշումը համարում է ազնվագույնը և՛ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, և՛ կուսակցության անդամների, և ՛ հասարակության նկատմամբ։ Այսօր 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Արամ Սարգսյանի հետ ունեցած քննարկման ժամանակ վերջինը պնդել է, որ որևէ խնդիր չի տեսնում, որ կուսակցությունից դուրս գալով՝ շարունակի մնալ՝ որպես ավագանու անդամ։

«Պարոն Սարգսյանն ասել է, որ դա իմ վաստակած մանդատն է, ինչի համար ես շնորհակալ եմ նրան»,- ասաց Վարդանյանը։

Ըստ նրա՝ այլևս անհնար էր մնալ մի կուսակցության կազմում, որը հանդես է գալիս իշխանության պաշտպանությամբ։

Վարդանյանը պնդում է՝ ինքը մշտապես հանդես է գալիս այդ իշխանության մի մասի՝ քաղաքային իշխանության սուր քննադատությամբ։

«Ես ունեցել եմ որոշակի կաշկանդվածություն, որն իմ ներքին ազնվությունից էր գալիս։ Մտածում էի, որ ես ունեմ կուսակցություն, կամ անդամակցում եմ մի կուսակցության, որը սատարում է գործող կենտրոնական իշխանություններին, և այդ կաշկանդվածությամբ պայմանավորված էլ փորձում էի ինձ պահել կուսակցության տրամաբանության մեջ»,- պարզաբանեց Վարդանյանը՝ նշելով, որ այսուհետև այլևս կաշկանդված չէ և շատ ավելի ազատ կկարողանա մատնանշել քաղաքային իշխանության բացթողումներն ու թերությունները, ինչպիսին համարեց, օրինակ, Ազգային ժողովում Երևանի քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը Երևանի փոխքաղաքապետի մակարդակով։

«Բյուջեի կատարողականը չներկայացնելը կապված է, մեղմ ասած, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խիզախության բացակայության հետ, որովհետև այդտեղ կային բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին խոսվեց։ Հայկ Մարությանի մեկուսացումը վաղուց մեզ համար բնական է դարձել. ինչ սկսել է արտակարգ դրությունը, պարոն Մարությանին հաճախ չենք տեսնում Երևանի քաղաքապետարանի շենքում, գիտենք, որ նա անձնական վախեր ունի՝ կապված ցանկացած վարակի հետ։ Գիտեք՝ ես երազում եմ, որ պարոն Մարությանը գիտակցի իր պաշտոնի և աթոռի լրջությունը, որովհետև քաղաքապետ՝ նշանակում է՝ քաղաքի պաշտպանության պետ»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ, եթե մեկ ամիս առաջ ինքն էր հաճախ հարց տալիս՝ որտեղ է քաղաքապետը, ապա այսօր արդեն հանրությունն է հնչեցնում այդ կարևոր հարցադրումը՝ որտեղ է Երևանի քաղաքապետը։

Ավագանու անդամն անբավարար գնահատեց քաղաքային իշխանության իրականացվող՝ մասնավորապես՝ քաղաքի կանաչապատման, ախտահանման, սանմաքրման աշխատանքները։

«Ահռելի գումարներ են տրամադրվել, և այսօր ունենք առնվազն ոչ բավարար աշխատանք։ 2018 թվականից հետո միլիարդավոր դրամներ են տրամադրվել աղբահանության հիմնարկին, բայց միայն մի բան է փոխվել 2018 թվականից հետո, դա այն է, որ աղբամանները դատարկում են, բայց սանմաքրում գոյություն չունի, բայց գումարներ են դուրս գրվում։ Նույն խնդիրը նաև ծառերի պատվաստման հետ է կապված՝ ծառերը չեն էտվում, չեն պատվաստվում, և բնակիչները բողոքում են»,- ասաց Վարդանյանը։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամն անդրադարձավ նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի համար 9.9 միլիոն դրամով նոր ծառայողական մեքենա գնելու մասին քաղաքապետարանի որոշմանը և նշեց, որ այս իշխանությունն այն, ինչի համար նախկիններին քննադատել է, այսօր անում է և դա համարում է նորմալ և բնականոն։

«Ավելին՝ Երևանի քաղաքապետարանում 2017 թվականից հետո որևէ բան էլ չի փոխվել, դեռ մի բան էլ մենք հետընթաց ունենք։ Եթե մենք խոսում էինք նախկին իշխանությունների՝ տրանսպորտի, աղբահանության, ապօրինի շինությունների հետ կապված թերություններից, այսօր էլ շարունակում ենք խոսել նույն խնդիրների մասին, բայց ավելի լայն թափով, իսկ իրենց կողմից դա բնութագրվում է՝ որպես նորմալ երևույթ։ Երևանի քաղաքապետարանում տարբեր ոլորտներում այս երկու տարիների ընթացքում տարբեր կոռուպցիոն բացահայտումներ են եղել, և «Կամազ»-ների հարցը ևս կարող էր դիտարկվել՝ որպես կոռուպցիոն գործարք։ Հույսով եմ, որ քաղաքապետարանում այս քաղաքային իշխանության հետ կապված շատ ավելի լուրջ կոռուպցիոն սխեմաներ չեն բացահայտվի շատ շուտ»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանը ստացել է նոր նվերներ, և բազմաթիվ են մարդիկ, որոնք ինքնակամ նվիրաբերություններ են անում։

«Այնքան մարդ է սկսել հոժարակամ նվիրատվություններ անել Երևանի քաղաքապետարանին, նվիրատվություններ են անում տարածքների, շինթույլտվությունների դիմաց, և դե ֆակտո դա է դուրս գալիս։ Որոշ գործարարներ, որոնք տարածքներ ավելացնելու նորություն են ունենում, որոշում են մեքենաներ նվիրել Երևանի քաղաքապետարանին։ Հիմա մենք արդյո՞ք կարող ենք մեզ թույլ տալ ենթադրել, որ գործ ունենք գույք՝ տարածքի դիմաց-ի հետ, իհարկե կարող ենք»,- ասաց Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս