«Անդրանիկ Գևորգյանը նշված մեղադրանքը չի ընդունել, ցուցմունք չի տվել». Էրիկ Ալեքսանյան

Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը:

«2008 թվականի գարնանն Արմեն Գևորգյանը, իր մտերիմ անձի օժանդակությամբ ստանալով վերը նշված առանձնապես խոշոր չափերի կաշառքը, դրա իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու համար ապահովել է նշված կաշառքի գումարի փոխանցումները տարբեր իրավաբանական անձանց անուններով, ինչպես նաև իրեն փաստացի պատկանող, արտերկրում գործունեություն ծավալող կազմակերպության բանկային հաշվին: Այնուհետև նշված կազմակերպության գործադիր տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, օժանդակելով որդու կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն, տնօրինել է հիշյալ գումարը և այն ներդրել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ այդ կերպ խեղաթյուրելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված կաշառքի իրական բնույթն ու ծագումը: Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- նշված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ խոսքն այն քրեական գործի մասին է, որն այժմ գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում:

«Ներկա պահին կարող եմ հայտնել, որ պարոն Անդրանիկ Գևորգյանը նշված մեղադրանքը չի ընդունել, այն ամբողջությամբ համարել է ապօրինի և անհիմն: Այս փուլում հրաժարվել ենք ցուցմունք տալուց՝ օգտվելով մեր այս իրավունքից, քանի որ պնդել ենք, որ այս մեղադրանքը որևէ աղեչս չունի իրականության հետ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ Անդրանիկ Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, խափանման միջոցն ընտրված է ստորագրություն, սակայն դատական նիստ չի կայացել, քանի որ կալանքի հարց չի բարձրացվել. վարույթն իրականացնող մարմինը միանգամից որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությունը:

Տեսանյութեր

Լրահոս