«Ավելի մեծ ծավալի, ավելի արագ, ավելի տեմպով աշխատանք է պահանջում վարչապետը բոլորից». Փոխվարչապետը՝ պաշտոնանկությունների մասին
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարների հերթական փոփոխության պատճառներին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց՝ այսօր պահանջները փոխվել են, աշխատանքի ինտենսիվությունն էականորեն աճել է.
«Այդ իմաստով, կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, ավելի մեծ ծավալի, ավելի արագ, ավելի տեմպով աշխատանք է պահանջում վարչապետը բոլորից»:
Փոխվարչապետը շեշտեց՝ խոսում ենք կարևորագույն կառույցների մասին, որոնք պետք է լինեն ինստիտուցիոնալ, ընդ որում` ոչ թե ղեկավարից կամ մարդուց կախված.
«Լավ կլինի՝ մարդիկ հաճախ փոխվեն, բայց դրանից կառույցի աշխատանքի որակը չփոխվի»:
ՊԵԿ նախագահի պաշտոնանկությունն ու դրա հնարավոր պատճառների մասին լուրերը փոխվարչապետը չմեկնաբանեց՝ տեղեկացնելով, որ հրաժարականից հետո Դավիթ Անանյանի հետ չի խոսել:
Նա նաև հայտնեց, որ սպասվող այլ հրաժարականների մասին խոսակցություններ չի լսել:
Հիշեցնենք՝ հունիսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրել էր ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հրամանագրերը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները: