«Ռուսաստանը դեմ է ոչ թե սկզբունքին, այլ` իրագործման ձևին». Փոխվարչապետը՝ գազի գնի շուրջ բանակցությունների մասին

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է նախկինում արված հայտարարությունը, որ անհատ սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինի:

«Ես հիմա էլ եմ ասում, որ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու առնվազն այս պահին: Եվ այդ իմաստով, կարծում եմ, կան բավարար ռեսուրսներ ու գործիքակազմ, որ դա տեղի ունենա, և այն հաշվարկներն ու հրապարակումները, որ ես տեսել և լսել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, վկայում են, որ անհատ սպառողների մասով գնի փոփոխություն չի լինի: Այո, ես դա հիմա էլ եմ ասում»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ փոխվարչապետի՝ եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա այլ սպառողների համար ոչ էական թանկացման հավանականություն կա:

Մհեր Գրիգորյանը նշեց նաև, որ սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են, և դա լինելու է նաև մշտական պրոցես, քանի որ սահմանին գազի գնի ձևավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմներ չկան.  «Դա էր պատճառը և դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում»:

Լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանը դեմ է, նա այսպես արձագանքեց. «Ռուսաստանը դեմ է ոչ թե սկզբունքին, այլ դեմ է իրագործման ձևին»:

Մհեր Գրիգորյանը հավելեց նաև՝ բոլորի համար ավելի կարևոր է, որ գազի գնի ձևավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված, երկարատև. «Անձամբ ես կարծում եմ, որ լավագույն հարթակը, որտեղ պետք է այդ պայմանավորվածությունը ձեռք բերել և ֆորմալիզացնել և իրավական տեսք տալ, ԵԱՏՄ հարթակն է»:

Տեսանյութեր

Լրահոս