Ո՞վ է տպել «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք» նախադասությունը

Ժամեր առաջ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությունը տարածվեց. «Դավաճանությունը գործողության մեջ: Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։

ՀՀ կառավարությունը պարտավոր է պաշտոնապես պարզաբանել այս դավաճանական գործողությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Եթե կառավարությունը նշված քայլերը չկատարի, ապա կստանձնի դավաճանության պատասխանատվությունը»:

Հայտարարությանը կցված էր ասվածը փաստող լուսանկար:

168.am-ը կապ հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս կարող էր նման բան պատահել: Վերջինս մեզ ասաց, որ փորձում է կապ հաստատել բ/կ տնօրենի հետ և լրացուցիչ կտեղեկացնի:

Րոպեներ առաջ արդեն նախարարի խոսնակի ֆեյսբուքյան էջում «տրվեց» այդ խայտառակության «բացատրությունը»:

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ:
Խնդրում եմ զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»:

Հասկացա՞ք… Տեղի է ունեցել վրիպակ: Ի՞նչ վրիպակ, ինչո՞ւ այս բնույթի, ո՞ւմ ձեռքն է տպել «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք» նախադասությունը, ի՞նչ է մտքով անցել… Այս հարցերի պատասխանները չտրվեցին:

Այսինքն՝ ինչ-որ մեկի մեղքով «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք» նախադասությունը տեղ է գտել պաշտոնական փաստաթղթի մեջ, ու սա համարվում է ընդամենը վրիպակ:

Իսկ եթե հասարակությունն այլ կարծիք ունի, իսկ եթե այլ կերպ է մտածում, պատասխանի այլ տարբերակ ունի… Մի՞թե ոլորտի պատասխանատուները մտածում են, որ այսքանով ՀՀ քաղաքացիները կբավարարվեն:

Անհրաժեշտ է իրականացնել համակողմանի ծառայողական քննություն. Ի վերջո, ՀՀ քաղաքացին իրավունք ունի իմանալ՝ ում ուղեղի ծալքերի մեջ է «ջերմացվում» «Ադրբեջան, Շուշի քաղաք» երազանքը:

Տեսանյութեր

Լրահոս