«Ադրբեջան, Շուշի քաղաք» նշումը տեխնիկական խնդիր է` պայմանավորված «Yandex Map»-ի տեղորոշումով. կատարվում են համակարգային փոփոխություններ
Քիչ առաջ «Սասնա ծռերը» հայտարարություն էին տարածել՝ գրելով, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրում նշելով մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք։ Այս տեղեկատվությունը մամուլում հայտնվեց սոցիալական ցանցերից. կցված էր նաև ուղեգրի լուսանկարը։
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» փոխանցեց, որ ուղեգիրը հիվանդանոցը չի տրամադրել։ Հայաստան ժամանած ուղևորներին անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխում են մեկուսացման վայրեր՝ ըստ անհրաժեշտության: Ուղեգրումն իրականացվում է հենց օդանավակայանում։
Ուղեգրման համակարգը ներդրվել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի» կողմից ( Armed.am), որի տնօրեն Ավետ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց՝ համակարգը, որով ուղեգրման ժամանակ կատարվում է քարտեզագրումը, օգտվում է «Yandex Map» քարտեզներից, որն էլ համապատասխան կորդինատի ընտրման արդյունքում նշել է խնդրահարույց հասցեն։
Շատերը, Արցախի Հանրապետություն այցելելիս, նկատած կլինեն, որ «Yandex» կամ «Google» համակարգերում իրենց տեղորոշումը (location) նշվում է որպես Ադրբեջան։ Ընկերության ներկայացուցիչը հայտնեց նաև, որ խնդիրը կարգավորելու համար կատարվում են համակարգային փոփոխություններ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոն»