Կենդանիները կհամարակալվեն, որ իմանանք, թե որ կենդանին որ սպանդանոցում մորթվեց. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ-ում առկա բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները կհամարակալվեն և կհաշվառվեն: Էնոկոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է՝ ներդնել համատարած հաշվառման և համարակալման համակարգ, որը թույլ կտա պարզել հանրապետությունում առկա խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, տեղաբաշխվածությունը, շարժը։ Կլինի դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների տեղեկատվական հարթակ, որը հնարավորություն կտա բարելավել կենդանիների, կենդանիների և մարդկանց ընդհանուր հիվանդությունների վերահսկումն ու տարածման կանխարգելումը, ինչպես նաև կենդանական ծագման սննդի անվտանգության մակարդակը:
«Ծրագիրը նախատեսում է առկա խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառման տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է այս տարվա ընթացքում, և, պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով և տեխնիկատնտեսական պատճառներով, լինելու է շարունակական բնույթի»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի շուրջ 800 հազար խոշոր եղջերավոր կենդանի, դրա համար պետք կլինի ձեռք բերել 1,6 միլիոն ականջապիտակ՝ յուրաքանչյուր կենդանու համար՝ երկու ականջապիտակ: 2020-2023 թվականներին ծրագրի բյուջեն կկազմի մոտավորապես 1,4 մլրդ դրամ, որից 750 մլն դրամը նախատեսվում է ծախսել այս տարի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ծրագրով նախ կպարզվի, թե հանրապետությունում քանի խոշոր եղջերավոր անասուն կա, և երկրորդ՝ կիմանանք, թե որ կենդանին որ սպանդանոցում մորթվեց:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում