Իրավիճակը շարունակում է մնալ լարված. եթե կարիք լինի, պետք է որոշումներ փոխենք. Թորոսյան

Կառավարության նիստի մեկնարկին, օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանն անցնելուց առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նախորդ օրվա վիճակագրությունը՝ նշելով, որ նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 138-ով: Թորոսյանի խոսքով՝ վարակակիրների մեծացող թիվը գրեթե ուղիղ համեմատական է արված թեստերի հետ, այսինքն՝ նախորդ օրվա ընթացքում արվել է ավելի շատ թեստավորում:

Առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ երեկ ունեցել են կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանկյունից, մոտ 500 հոգի գտնվում է ծայրահեղ ծանր և ծանր վիճակում:

«Առավոտյան ժամը 9-ի դրությամբ մենք ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի, որից ընդամենը 4-ն է տանը, և մնացած 28-ն այլ հիվանդանոցներում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ:

Ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը, իհարկե, շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց՝ այդ լարվածությունը կոմպենսացվում է մեր հնարավորությունների աճով, մեր սպասարկման ունակություններով, ինչը, իհարկե, չի նշանակում, որ մենք չպետք է զսպողական մեր միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք, ինչպես ամենասկզբից: Եվ էդպիսով էս կառավարելի վիճակը պահենք, ինչքան հնարավոր է, երկար և գնանք դեպի անկման:

Հետևաբար՝ կարծում եմ, որ մեր պարետատան որոշումների շրջանակներում ամեն ինչ պետք ա շարունակենք, պարոն վարչապետ, խստացնենք կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը՝ սկսած սովորական քաղաքացիներից, վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով, և իրավիճակի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի, նաև որոշումներ փոխենք՝ ըստ իրավիճակի»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս