Բաժիններ՝

Կառավարությունը թույլ տվեց «Շիրակացու ճեմարանին» անգլերենով կրթություն կազմակերպել

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում թույլատրեց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը 2020/2021 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ եւ 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա»  ծրագիրը՝ անգլերենով, 3 տարի ժամկետով:

Սահմանվել է, որ «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը չի իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը իրականացվում է 2014 թվականից: Ծրագրի 2016-2020թթ. 53 շրջանավարտներից 11-ը (կամ 20 %-ը) այլ երկրների քաղաքացիներ են, ընդ որում, նրանցից 10-ը՝ ազգությամբ հայ:

Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ոչ միայն կապահովվի Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ Սփյուռքից հայրենիք վերադարձած, հայերենին բավարար չափով չտիրապետող հայ երեխաների միջազգային կրթություն ստանալու հնարավորությունը, այլ նաեւ կշարունակվեն ծրագրի շրջանակներում արտերկրի մասնագետների կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստումները, ինչը հիմք է հանդիսանում միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում ունեցող ուսուցչական համայնք ձեւավորելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս