Քաջարանի ձերբակալություններում քաղաքական ենթատեքստ չկա. Սյունիքի փոխմարզպետ

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Քաջարանի դեպքերին ու վստահեցրեց, որ այսօր Սյունիքում մթնոլորտը բավականին հանգիստ է, լարվածություն չկա: Նրա խոսքով՝ այն ցուցարարները, որոնք  փորձում էին ցույցը քաղաքականացնել, ՔԿ հայտարարությունից հետո  ամեն բան հասկացել էին: Փոխմարզպետը վստահաբար պնդեց, որ ձերբակալությունները եղել են կոնկրետ գործի շրջանակներում, դրանում քաղաքական ենթատեքստ չկա:

«Կարծում եմ՝ հանցագործության մեջ չի կարող որևէ քաղաքական հետևանք կամ հետապնդում լինել, կամ դիտարկել էդ երևույթը՝ որպես քաղաքական հետապնդում, կարծում եմ՝ շատ սխալ է»,- ասաց Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով Քաջարանի համայնքապետի հայտարարությանը՝ կատարվածում քաղաքական հետապնդման առկայության մասին:

Նարեկ Բաբայանն ուղիղ չպատասխանեց լրագրողի հարցին, թե արդյո՞ք մարզում կան քրեաօլիգարխիկ տարրեր: Փոխարենն ասաց, որ Սյունիքի մարզպետը՝ իր մասով, ուժային կառույցները՝ իրենց մասով, փորձում են ամեն բան անել, որ այդ խնդիրները լուծեն:

Անդրադառնալով ոստիկանությունում քաջարանցիներին բռնության ենթարկելու հարցին՝ Բաբայանը նշեց, որ ոչ թե ինքը, այլ ոստիկանությունը դրա վերաբերյալ պարզաբանում կտա:

«Եթե եղել են, այո, պիտի ցանկացած անձ, ով ենթարկում է բռնության, պատասխան տա միանշանակ»,- ասաց Ն. Բաբայանը:

Բաբայանը հայտնեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կորոնավիրուսի կոնտակտավոր անձ է, ինքնամեկուսացված է, նորմալ է զգում իրեն, սիմպտոմներ չունի:

Սյունիքի մարզում, փոխմարզպետի փոխանցմամբ, վերջին տվյալներով՝ կա կորոնավիրուսի հաստատված 60 դեպք,  18 անձ  գտնվում է Կապանի ԲԿ-ում, մյուսներն էլ մեկուսացված են տներում: Մարզում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել:

Տեսանյութեր

Լրահոս