«Տեսա Սայաթ Շիրինյանի հետ կապված միջադեպը, ու, անկեղծ ասած, չգիտեմ` ես ինձ ինչպես կպահեի, բայց կարծում եմ, որ ոստիկանության գնդապետը երևի էդպես էլ իրեն պետք է պահեր». Հրանտ Թոխատյան
Օրեր առաջ պետական որևէ պաշտոն չզբաղեցնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը ոստիկանության կապիտանի ուղեկցությամբ իրազեկման ակցիա էր իրականացնում, որի նպատակը քաղաքացիներին դիմակ կրելու կարևորության մասին իրազեկելն էր: Ինչպես հետո տեսանք, ակցիան հարթ չէր անցել, ստեղծվել էին կոնֆլիկտային իրավիճակներ, որոնցից մեկը լայն արձագանք գտավ հասարակության մեջ, երբ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ու Դանիել Իոաննիսյանի միջև սուր վեճ ծավալվեց:
Հետագայում Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել Սայաթ Շիրինյանի նկատմամբ, որը, պարզվեց, մեղմ ասած, սուտ էր:
Հետագայում Իոաննիսյանի իրազեկման ակցիային միացան նաև լրագրողներ, պատգամավորներ:
Հունիսի 7-ին 1in.am կայքի հաղորդավար Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հենց նոր զանգեց իմ շատ սիրելի Հրանտ Թոխատյանը, այս ողջ ընթացքում Թումոյի այգում և Հանրապետականի մոտ զբաղվել է հանրային իրազեկմամբ: Էլ ո՞ր հայտնին է մնում»:
Հաջորդ օրն արդեն Դանիել Իոաննիսյանը, իր ֆեյսբուքյան գրառման մեջ՝ նշելով նաև հայտնի սիրված դերասան Հրանտ Թոխատյանի անունը, տեղեկացրել էր, որ կորոնավիրուսային պատերազմի կամավորները շատանում են:
«Շաբաթ օրը 2 խումբ էինք Շենգավիթում: Երեկ արդեն 5 խմբով Աջափնյակում էինք, մի խումբ Էրեբունիում էր, և մի խումբ էլ՝ Մալաթիա-Սեբաստիայում (հարգանքներս Գոհար Հայրապետյանին, Հրանտ Թոխատյանին, Արմեն Փամբուխչյանին ու մյուսներին)»,- գրել էր Դանիել Իոաննիսյանը:
168.am-ի հետ զրույցում, սակայն, Հրանտ Թոխատյանն ասաց, որ ինքը որևէ իրազեկման ակցիայի չի մասնակցել:
«Ես ուղղակի ինքս դուրս եմ եկել իրազեկելու, միայնակ, առանց որևէ մեկի, առանց որևէ մեկի հուշման»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստը:
Հարցին, թե ի՞նչ տպավորություն ունեցավ, արդյոք մարդիկ կրո՞ւմ էին դիմակներ, և ինչպե՞ս էին ընդունում իր խոսքը, Հրանտ Թոխատյանը պատասխանեց, որ որտեղ ինքն է եղել՝ «Արմենիա» բ/կ դիմացի մեծ պուրակի տարածք, Մարգարյան փողոցով դեպի ներքև` նախկին «Արագած» կինոթատրոն, հետո արդեն` Թումոյի այգի, մարդիկ հիմնականում կրում էին դիմակ:
Դերասանը նշեց, որ ավելի շատ եղել է բակերում, քանի որ մտածել է՝ այնտեղ ինքն ավելի օգտակար կլինի:
«Մի գրամ ագրեսիայի ես չեմ հանդիպել: Ընդհակառակը, շատ լավ, ժպիտով, փորձում էինք կատակել, հասկանալ` ինչի համար է պետք դիմակ դնել: Բնական է, որ ահագին մարդ կար, որ ասում էր` դե սուտ է, ինչի՞ դնենք: Բայց մենք գալիս էինք ընդհանուր հայտարարի, որ՝ անկախ նրանից, հավատո՞ւմ ես, թե՞ ոչ, ընդունո՞ւմ ես, թե՞ ոչ այնքան, եթե այսօր կա դիմակ կրելու որոշում, եկեք փորձենք բոլորս այդ դիմակը դնենք, և եթե ինչ-որ բան էլ չի ստացվի, վաղը լեզուներս երկար կլինի»,- ասաց Հրանտ Թոխատյանը:
Վերջինս նշեց, որ շատ պատահական է տեսել Գոհար Հայրապետյանի գրառումը, ում շատ վաղուց ճանաչում ու սիրում է:
«Գոհարն իմ շատ լավ բարեկամն է: Տեսա, որ կոչ է արել, մտածեցի՝ վեր կենամ, գնամ, ես էլ իմ մասնակցությունն ունենամ: 1,5 ժամ մարդկանց հետ զրուցել եմ, բայց միայնակ: Հետո զանգեցի Գոհարիկին, ասացի` քո այդ գեղեցիկ հանձնարարությունը ես կատարել եմ: Ես չգիտեմ, թե ինչից ելնելով է այդ տղան (Դանիել Իոաննիսյանը.- Գ.Ս.) նշել իմ անունը: Ես չեմ տեսել, չեմ իմացել, բայց ամեն դեպքում ոչ թե նրա կազմակերպած ակցիային եմ մասնակցել, այլ ինքս եմ հարմար ու ճիշտ գտել մարդկանց հետ խոսել»,- ասաց նա:
Հրանտ Թոխատյանի խոսքով` եթե ինքը կարող է իր երեխաների, իր մտերիմների հետ խոսել, ինչո՞ւ չի կարող իր ժողովրդի հետ խոսել:
«Այնպես որ, որևէ ագրեսիա չկար, մարդիկ շատ բարյացակամ ընդունել են: Ես մարդկանց ժպիտով էի մոտենում, փոքր երեխայի հետ՝ երեխավարի, մեծի հետ` մեծի պես եմ խոսել: Կատակել եմ, որ մարդկանց տրամադրությունը չփչացնեմ: Բացի դրանից, ես որևէ բարոյական իրավունք չունեմ մարդուն ուղղություն տալ, թե ինքը ինչ է պարտավոր անել: Այ, այդ դեպքում մարդն իրավունք ունի չուզենալ անգամ երկխոսության մեջ մտնել: Եթե մոտենաս ու սկսես` պարետ, ոստիկան, եսիմինչ, ամեն ինչ կարող է շատ վատ վերջանալ»,- նկատեց Հրանտ Թոխատյանը:
Հարցին, թե արդյո՞ք Ձեր իրազեկման ժամանակ Ձեզ հետ ոստիկան շրջել է, նա զարմացավ` չէ, իսկ ինչո՞ւ պետք է իր հետ ոստիկան շրջեր:
Հիշեցրին, որ, օրինակ, թե ինքը, թե Դանիել Իոաննիսյանը նույն աշխատանքն են կատարել, երկուսն էլ ՀՀ պաշտոնյա չեն, բայց Դանիել Իոաննիսյանի հետ ոստիկանության կապիտան էր շրջում:
«Ես տեսա Սայաթ Շիրինյանի հետ կապված միջադեպը, ու, անկեղծ ասած, չգիտեմ` ես ինձ ինչպես կպահեի, բայց համենայն դեպս, կարծում եմ, որ ոստիկանության գնդապետը երևի էդպես էլ իրեն պետք է պահեր: Եթե նա ի սկզբանե մոտենար ժպիտով, մի հատ հավեսով բարևեր, փորձեր ասել՝ դե հասկանալի է, Ձեր ավտոտնակն է, բայց դռները բաց են, տարածքում էլ երեխաներ են վազվզում, լավ կլիներ, որ նա դիմակ կրեր, ես, ճանաչելով Սայաթ Շիրինյանին, չեմ կարծում, որ Դանիել Իոաննիսյանը կստանար այն պատասխանը, որը որ ինքը ստացավ: Հանգիստ պետք է աներ»,- եզրափակեց Հրանտ Թոխատյանը: