Սայաթ Շիրինյանի նկատմամբ վարչական արձանագրություն չի կազմվել. Դանիել Իոաննիսյանը ստում է
Երբ երեկ ողջ համացանցը քննարկում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի և ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի միջև տեղի ունեցած միջադեպը, Իոաննիսյանը գրառում կատարեց, թե Սայաթ Շիրինյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, ենթադրվում էր՝ դիմակ չկրելու համար:
168.am-ը փորձեց ՀՀ ոստիկանությունից ճշտել, թե ի՞նչ հիմքով է կազմվել վարչական իրավախախտման արձանագրությունը: Պարզվեց՝ Դանիել Իոաննիսյանի տարածած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը 168.am-ին հայտնեց, որ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի նկատմամբ որևէ արձանագրություն չի կազմվել:
Մեր հարցին, թե ինչո՞ւ էր երեկ Իոաննիսյանին՝ Երևանի բակերում շրջելիս ուղեկցում ոստիկան, Զարզանդ Գաբրիելյանն ասաց.
«Իոաննիսյանի հետ ոստիկան չէր շրջում, ոստիկանը տարածքում հասարակական կարգն էր հսկում»:
Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք Դանիել Իոաննիսյանն ունի վերահսկողական գործառույթ՝ բակերով շրջելու և մարդկանց դիմակ դնել պարտադրելու՝ Գաբրիելյանը արձագանքեց հետևյալ կերպ.
«Բայց ինչի՞ եք մեզնից ուզում այդ հարցը ճշտել, ինքն ինչ-որ ֆլեշմոբի էր մասնակցում: Իրենից ճշտեք»:
Հիշեցնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը բակերում դիմակ կրելու հորդորով շրջելու ընթացքում մոտեցել էր իր ավտոտնակում միայնակ գտնվող ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանին, հորդորել դիմակ կրել իր ավտոտնակում: Սայաթ Շիրինյանն էլ՝ որպես արձագանք, ասել էր, թե ինքը գտնվում է իր տանը, քանի որ ավտոտնակը հավասարեցված է տանը, և տանն իրավունք ունի դիմակ չկրել: Ի պատասխան՝ Իոաննիսյանը նշել էր, թե ՀՀ պարետի որոշումը պարտադիր է նրա համար նաև տանը, ամեն տեղ:
«Իյաաա, էս ի՞նչ ես խոսում, կգոռամ, մի հատ էլ ոտդ ստեղ դրեցիր՝ բերնիդ կտամ, հերիք եղավ, բոլ եղավ: Դուք ինչի՞ համար եք այստեղ, պարոն կապիտան, հասարակական կարգ պահպանեք: Որոշումը ցույց տվեք, տուգանեք և գնացեք ստեղից, հերիք եղավ, բոլ եղավ, չի կարելի մարդկանց էշի տեղ դնել»,- արձագանքել էր Շիրինյանը:
Նշենք, որ ՀՀ պարետի 2020 թվական հունիսի 3-ի N 110-ի որոշմամբ սահմանվել է դիմակ կրելու համապարտադիրության պահանջը, որտեղ նշվում է․ «Սահմանել, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է․․․»:
Նշենք նաև, որ Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն՝ բնակարան է համարվում «շենք կամ շինությունը, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սանդղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը և ձեղնահարկը: «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը»: