«Դա ազգային համաձայնության կառավարության ֆորմատ էր, կոալիցիոն կառավարում չէր». Կոտայքի մարզպետը՝ Փաշինյանի և Ծառուկյանի միջև ստորագրված հուշագրի մասին

«Հայտարարությունները, որ պարոն Ծառուկյանն է արել օրերս, ես Կոտայքում գործելով և ապրելով՝ երկու տարի լսել եմ, երկու տարի այդ մրցապայքարի առաջնագծում եմ եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանության «100 տոկոսին» փոխելու պահանջին:

Ռոմանոս Պետրոսյանը նշեց՝ Կոտայքում իր գործունեությունից հետո փոխվել են նախկին քաղաքական համակարգի կարկառուն ներկայացուցիչներ՝ շուրջ երկու տասնյակ համայնքի և վարչական շրջանների ղեկավարներ, ինչպես նաև՝ հանրակրթության ոլորտի մարզային ենթակայության դպրոցների 30-35 տոկոսի տնօրենները:

Հարցին, թե փոխվել են, որովհետև ԲՀԿ-ակա՞ն են եղել, նա պատասխանեց.

«Ոչ,  իրենց ժամկետները լրացել են և նոր մրցույթների պարագայում առանց դաբրոների, առանց միակ թեկնածուի ինստիտուտի, օրինական մրցույթների արդյունքում սերնդափոխություն է տեղի ունեցել»:

Մարզպետը հավելեց, որ այդ գործընթացներում միշտ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստվերային կամ անթաքույց քաղաքական դիմադրությանը:

Դիտարկմանը, թե Աբովյանի ընտրությունները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն մարզում դիրքերը շարունակում է պահպանել. Դուք սիրում եք միշտ ասել, որ իշխանությանը բարձր վստահության քվե են տվել, բայց այդ ուժին ևս բարձր վստահության քվե են տվել,  արձագանքեց.

«Թվերն իրենք խոսում են։ Ես ոչ թե ասում եմ, որ բարձր քվե են տվել, այլ 73 տոկոս ռեյտինգային ընտրազանգված ունենք մենք 2018 թ. համապետական արդյունքներով ֆիքսած:

Եվ, բնականաբար, եթե պառլամենտում ներկայացված է քաղաքական ուժ, ով տասնամյակներով գործել է, և ավելին ասեմ՝ մի քանի կոալիցիոն կառավարությունների մաս է կազմել, ապա, բնականաբար…»:

Լրագրողները հիշեցրին, որ Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ևս հուշագիր է ստորագրվել, Ռոմանոս Պետրոսյանն առարկեց, թե դա կոալիցիա էր.

«Դա ազգային համաձայնության կառավարության ֆորմատ էր, կոալիցիոն կառավարում չէր, որը 2018 թ. հոկտեմբերի 2-ի ձեզ քաջ հայտնի դեպքերով լուծարվեց: Հուշագրի էությունն էլ  նրանում էր, որ տվյալ կուսակցությունը, իր նախագահի մակարդակով, պատրաստակամ էր կիսելու հեղափոխության արժեքները, գաղափարները և քաղաքական կուրսը:

Այդ առումով քաղաքական փոխպարտավորություններն ավարտվում են, և դրանք նաև դե յուրե լուծվեցին հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերով:

Քննադատությունները կամ կառավարության հրաժարականի պահանջը ես շատ իրավաչափ եմ համարում՝ բացառությամբ մի շատ կարևոր նյուանսի՝ համավարակի այս սպառնալիքով և արտակարգ դրության պայմաններում նման կոչ անել վարչապետին և կառավարությանը, ինձ համար անհասկանալի է:

Ընկալելի կլիներ այն պարագայում, երբ առարկայական քննադատություն հնչեր, կոնկրետ ծրագրային այլընտրանքներ առաջարկվեին»:

Ըստ նրա՝ առաջարկները, որոնք եղել են, կենացներից այն կողմ չեն անցել:

Արդյո՞ք կուսակցության նիստում Նիկոլ Փաշինյանին ասել էիք, որ դեմ եք ԲՀԿ-ի հետ հուշագրի ստորագրմանը, քանի որ դա այն ուժն էր, որ նախկինների կառավարման մաս է կազմել. այս հարցին ի պատասխան՝ նա ասաց.

«Դա նորություն չէր պարոն Փաշինյանի համար, որ դա այն ուժն էր, պարզապես քաղաքական այդ իրողությունների ֆոնին մենք խելամիտ ենք համարել հնարավորություն տալու տվյալ քաղաքական ուժին՝ առերեսվելու իրականության հետ, գուցե վերափոխվելու և մեզ հետ լծվելու մեր երկրի զարգացմանը նոր քաղաքական մշակույթով»:

Անդրադառնալով մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ Ռ. Պետրոսյանը տեղեկացրեց. «Մարզում այս պահին շուրջ 1300 հաստատված դեպքեր ունենք, որոնց մեծ մասն արդեն բուժված են»:

Տեսանյութեր

Լրահոս