Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Տավուշի մարզում մեծացել  են ներքին տուրիզմի ծավալները. Տավուշի մարզպետ

Այս պահի դրությամբ Տավուշի մարզում կա 133 վարակակիր, 26 մարդ գտնվում է բժշկական հաստատություններում, շուրջ 600 մարդ մեկուսացված է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նրա խոսքով՝ մինչև այժմ վարակման խոշոր օջախ ունեցել են միայն ձեռնոցների արտադրամասում: Հ. Չոբանյանի փոխանցմամբ՝  այժմ «Տավուշ» տեքստիլն ամսական արտադրում է մոտավորապես 10 միլիոն դիմակ, շուտով Հայաստան կներկրվի երկու հոսքագիծ, որոնք կկրկնապատկեն արտադրման ծավալները:

Հայկ Չոբանյանը վստահեցրեց, որ կարողանում են վերահսկել, որպեսզի համավարակի օրերին մարզում մասսայական միջոցառումներ չլինեն:

Տավուշի մարզպետը, որպես առավելություն, նշեց էկոտուրիզմը մարզում, ըստ նրա՝ Կորոնավիրուսի համավարակի պայմաններում այդ առումով հնարավորություն կա մեծացնելու  ներքին տուրիզմի ծավալները: Եվ  Տավուշի մարզում դա արդեն զգացվում է:

«Նախորդ երկու ոչ աշխատանքային օրերին, այսինքն՝ դա  մայիսի 28-ի հետ կապված, գիտեք, չորսօրյակ էր՝ ոչ աշխատանքային, այդ օրերին մենք ունեցել ենք այնքան տուրիստներ, զբոսաշրջիկներ Դիլիջանում, որքան, որպես կանոն, լինում է ամառվա ամենապիկային սեզոնում: Այսինքն՝ սա նշանակում է, որ իսկապես տարածաշրջանը ներքին տուրիզմի զարգացման հնարավորություն ունի այսօր ևս, համավարակի պայմաններում ևս, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կազմակերպություններն իրենց  վարքականոնները, իրենց կառավարման համակարգերը, այդ թվում՝ սանիտարական մաքրումը, և այլն, և այլն, ապահովեն և կազմակերպեն այնպես, որ դա ոչ թե լրացուցիչ վտանգներ առաջացնի, այլ կանխարգելման նշանակություն ունենա:

Ի՞նչ  նկատի ունեմ: Ես կարծում եմ, որ ներկա իրավիճակում, երբ որ մենք օբյեկտիվորեն և բնական եղանակով ապրում ենք համավարակի հետ, շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու իմունիտետը, առողջությունը, և նույնիսկ ինչ-որ տեղ գնալ, բնության գրկում հանգստանալ, կազդուրվել մեր քաղաքացիներին անհրաժեշտ է: Դրա համար մենք հատուկ կանխարգելիչ կամ խոչընդոտող միջոցառումներ չենք անում, որպեսզի մեր քաղաքացիները, հատկապես՝ մայրաքաղաք Երևանից, ոչ աշխատանքային օրերին գոնե հնարավորություն ունենան օդափոխվելու»,- ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Տեսանյութեր

Լրահոս