«Գո՞ւցե նպատակը ուղիղ հակառակն է՝ զբաղվել երկրի ներսում քաղաքական հակառակորդների դեմ գործեր սարքելով ու կոմպրոմատներ հրապարակելով»
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավարությանը ներկայացրեց ծառայության նորընծա ղեկավար Արգիշտ Քարամյանին։ Այս պատանի տաղանդի թռիչքաձև առաջխաղացումների մասին արդեն շատ է խոսվել, ուստի դրանց վրա չեմ կենտրոնանա, փոխարենը փորձեմ անդրադառնալ վարչապետ Փաշինյանի մի քանի ուշագրավ հայտարարությունների և դրանց հետևում կանգած մոտիվների վրա, և համապատասխանաբար մի քանի հարց տամ նրան։
Մասնավորապես, իր ներկայացման ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել է հետևյալը՝ «ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մարտահրավերները եւ դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու, բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն եւ պարոն Քյարամյանի առաջ հենց այդ խնդիրն եմ դրել, որ ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կարողանա արձագանքելն այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում»։
Իսկապես, վարչապետ Փաշինյանի իշխանություն ստանձնելուց հետո մեր անվտանգային միջավայրը խիստ բարդացել է։ Երկրում աճել է հանցավորությունը, մեր հիմնական հակառակորդը ամբողջ աշխարհով մեկ ակտիվացրել է իր հակահայկական գործունեությունը, երկրի ներսում էլ ակտիվացել են բազմապիսի օտարերկրյա գործակալներ, ամբողջ աշխարհով մեկ սրվում են կիբեռանվտանգության, կենսաբանական, և այլ նմանատիպ սպառնալիքները։ Ենթադրաբար, նորընծա տնօրենը կոչված է պայքարել բոլոր այդ վտանգների դեմ։ Սակայն հենց այստեղ է առաջանում առաջին հարցը պարոն Փաշինյանին՝ ինչպե՞ս կարող է անձը, անկախ տարիքից, որը չունի ոչ հետախուզության, ոչ հակահետախուզության որևէ փորձ, արդյունավետ պայքարել այս բարդագույն սպառնալիքների դեմ, այն էլ գլոբալ մասշտաբով։ Իսկ գո՞ւցե նպատակը ուղիղ հակառակն է՝ ընդամենը ստեղծել այդպիսի պայքարի իմիտացիա, փոխարենը զբաղվել երկրի ներսում քաղաքական հակառակորդների դեմ գործեր սարքելով ու կոմպրոմատներ հրապարակելով՝ առավել ևս, որ գործող իշխանության տեսակետից, սրվող քաղաքական ճգնաժամի պայմաններում դա իր համար շատ ավելի կարևոր է դառնում։
Մեկ այլ ուշագրավ հայտարարություն՝ «Այս երկու տարին որ աշխատել ենք, բավարար ժամանակ է, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն թավշյա հեղափոխության եւ դրա արժեքների նկատմամբ: Եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունը ով ինչպես է օգտագործել»։
Իսկապես, վարչապետ Փաշինյանի կողմից իշխանությունը վերցնելուց հետո, որն ինքն իներցիայի ուժով դեռևս «թավշյա հեղափոխություն» է անվանում, արդեն անցել է երկու տարի։ Այս ընթացքում, սկսել են պարզ դառնալ նոր իշխանության արժեքները՝ ամբոխավարություն, թվերի և փաստերի անվերջ մանիպուլյացիա, արկածախնդրություն, ընդդիմախոսների նկատմամբ ատելության քարոզ, սելեկտիվ արդարադատություն, ժողովրդի անունից անընդհատ խոսելու, բայց նույն այդ ժողովրդին պարբերաբար մեղադրելու մենաշնորհ, բոլորի հետ հարաբերությունները փչացնելու յուրօրինակ հակում, և այլն։ Եվ այստեղ առաջանում է երկրորդ հարցը պարոն Փաշինյանին՝ իսկ ինչու՞ պետք է ԱԱԾ-ն, որն այս երկրի հենքային կառույցներից մեկն է, որդեգրի այդ կասկածելի արժեքները։
Չէ՞ որ և Ձեր իշխանությունը, և Ձեր կողմից ներմուծած կասկածելի արժեքները ժամանակավոր են, իսկ ԱԱԾ-ն պետք է լինի ապաքաղաքական, և շարունակի աշխատել ցանկացած իշխանության օրոք, ապահովելով մեր երկրի անվտանգությունը։ Թե՞ Դուք նեոբոլշեվիկյան Չեկա եք որոշել ստեղծել, որտեղ միայն Ձեր քաղաքական դրածոները պետք է աշխատեն, միայն Ձեր «արժեքները» դավանեն, և միայն Ձեր անմիջական հրահանգները կատարեն՞։
Եվ վերջապես՝ «Ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ: Դրա հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ԱԱԾ կանոնադարական խնդիրների լուծմանը եւ ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում:»
Իսկապես, մեր պետական համակարգում պետք է գործեն պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ։ Բայց երբ դուք տասնամյակների փորձ ունեցող մարդկանց ներկայացնում եք իրենց պատանի տնօրենին, որը ոչ իր փորձով, ոչ գիտելիքներով, ոչ առավել ևս պետականաշինության ձեռքբերումներով մոտ չի կանգնած նրանցից որևէ մեկին, արդյո՞ք մտածում եք, թե ինչպիսի ծաղր է հնչում Ձեր ասածը։ Եվ ի՞նչ են այդ մասին մտածում Ձեզ լսողները, և նաև երկրի բազմաթիվ քաղաքացիները, որոնք իսկապես անկեծորեն հավատում են, որ պաշտոնեայի առաջխաղացման հիմքում պետք է լինեն նրա փորձը, մասնագիտական և առաջնորդական արժանիքները։ Կամ էլ թե մոռացե՞լ եք, որ ԱԱԾ-ն այն կառույցը չի, որի հետ կարելի է այդպես վարվել, և որ նախկինում նույն գայթակղությունը ունեցողները ի վերջո սեփական փորձով են համոզվել, որ դա ուղիղ հակառակ արդյունքի է բերում։
Կարող եք հարցերիս չպատասխանել՝ դրանց ժամանակը բոլոր դեպքերում պատասխան կտա, պարզապես մենք ամեն այսպիսի շրջադարձից հետո որպես պետություն դառնում ենք ավելի թուլացած, ավելի խոցելի, և ավելի հուսախաբված։ Չեմ ուզում հավատալ, որ Դուք դա հատուկ եք անում, բայց այլևս չգիտեմ, թե ուրիշ ինչ բացատրության կարող եմ հավատալ»։
Հունիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավարությանը ներկայացրեց ծառայության նորընծա ղեկավար Արգիշտ Քարամյանին։ Այս…
Gepostet von Avetik Chalabyan am Dienstag, 9. Juni 2020