«Մեր մոտ ընտրական հրահանգներ չեն լինում, այսպես ասած, պատվերի ինստիտուտը չի գործում». Սուրեն Պապիկյան
Հունիսի 5-ին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն ու քաղաքական ուժերին ուղղված համախմբման կոչին հաջորդեցին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները՝ ուղղված Ծառուկյանին: Մամուլը գրեց նաև, թե կան հրահանգներ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքներում որոշակի խախտումներ գտնելու ու նրան ձերբակալելու վերաբերյալ:
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարց ուղղեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, թե արդյո՞ք կա որևէ հրահանգ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքների, տարածքների ուսումնասիրություններ սկսելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նշված նախարարությունում 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո գործընթաց էր սկսվել. ուսումնասիրում էին այս կամ այն հայտնի մարդուն պատկանող հողատարածքների օտարման գործընթացի օրինականության հարցը։
Իսկ լրագրողի հարցին Սուրեն Պապիկյան նախ արձագանքեց. «Մեր մոտ ընտրական հրահանգներ չեն լինում, կլինի որևէ քաղաքական գործչի, որևէ բիզնեսմենի կամ նախկին իշխանության ներկայացուցչի, նախկին օլիգարխի, էական չէ: Այնուամենայնիվ, մեզ համար ընտրականությունը և Ձեր կողմից նշված, այսպես ասած՝ պատվերի ինստիտուտը չի գործում:
Իհարկե, հիմա իրավապահ համակարգը զբաղվում է թե՛ տարբեր աճուրդներով, թե՛ մարդկանց ունեցվածքի օրինականությամբ, բայց այն ավելի լայն թափով կիրագործվի, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը»,- նշեց Սուրեն Պապիկյանը: