Իշխանությունն իր քաղաքական նպատակադրումից չի հրաժարվել. Սուրեն Պապիկյանը՝ հանրաքվեի չեղարկման մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարն էր, այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց, որ իշխանությունն իր քաղաքական նպատակադրումից չի հրաժարվել ու տրված իրավական հնարավորությունից օգտվելով՝ փորձելու են այն կյանքի կոչել:

«Ուղիներից մեկը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հարցը քննարկելը և լուծում տալն է, մյուսը, բնականաբար, Սահմանադրական հանրաքվեն է: Բայց գիտեք, որ այս փուլում կորոնավիրուսով պայմանավորված՝ երկար ժամանակ այն իրականացնել հնարավոր չի: Իհարկե, մենք լուծումը կգտնենք»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժի առաջ այդ հարցի լուծման համար վերջնաժամկետներ դրված չեն, քանի որ իրենց իրականացրած գործողություններն ինքնանպատակ չեն:

Նախարար Սուրեն Պապիկյանը, որն ավելի վաղ հայտնել էր, թե համաճարակային իրավիճակը չի կասեցնելու ճանապարհաշինության տեմպերը, լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադարձավ նաև Շիրակի մարզում առկա բողոքներին, որ ճանապարհները ոչ բարեկարգ վիճակում են:

«Գիտեք, ՀՀ տարբեր անկյուններից կարող են լինել բողոքներ, որ ճանապարհները ոչ բարեկարգ են, որովհետև մենք ժառանգել ենք բավականին վատ ճանապարհային ցանց, և նախորդ տարվա ընթացքում, և ընթացիկ տարվա ընթացքում մեծ քանակությամբ շինարարական աշխատանքներ իրականացվել են և իրականացվելու են:

Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, հավանաբար խոսքը վերաբերում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղուն: Այդ հատվածում, գիտեք, մենք ունենք կապալառու ընկերություն՝ չինական: Այս փուլում նրանք դեռևս Չինաստանի Հնարապետությունում են, և հիմա սպասում ենք գործընկերների գալստյանը: Մի հատվածն էլ, գիտեք, միջազգային արբիտրաժում մենք իսպանական «Կորսան-Կորվիամ» ընկերության հետ խնդիրներ ենք լուծում, այսինքն՝ դատական պրոցեսի մեջ ենք: Այնուամենայնիվ, ակնկալեք, որ առաջիկայում ամեն ինչ տեղը կընկնի: Դա մեր ընթացիկ պետական միջոցներով ֆինանսավորվող ծրագրերից դուրս է, բայց միևնույն ժամանակ՝ մեր իրավասության տիրույթում է: Հիմա մենք փորձում ենք հասկանալ՝ ինչ կարող ենք անել, որ ավելի արագանա իրավական պրոցեսը»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Հակադարձմանը, որ խոսքը միայն Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին չէ, նաև երկրորդային նշանակության ճանապարհի մասին է, Պապիկյանն ասաց, թե այդ ճանապարհն արդեն իսկ բարեկարգվում է, բայց «էնտեղ ֆինանսական մեծ միջոցներ հնարավոր չի տրամադրել, էնտեղ հնարավոր է միայն փոսալցում, ինչն արվում է»:

Տեսանյութեր

Լրահոս