«Փոխվել են ոչ միայն ինքնաձիգի, այլև մակարով տեսակի ատրճանակի պարկուճները». Սասուն Խաչատրյանը՝ մարտի 1-ի զոհերի սպանությունների բացահայտման մասին

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը այսօր, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին` անդրադարձավ նաև 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման վերաբերյալ քրեական գործին:

«Ի դեպ, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, ըստ նախաքննության տվյալների փոխվել են ոչ միայն ինքնաձիգի պարկուճները, այլն նաև մակարով տեսակի ատրճանակի ապրկուճները:

Գործը տեղում չի դոփում, գործով նախաքննություն է իրականացվում, այլ գործողություններ են իրականացվում, որոնց մասին հիմա չեմ ցանկանում խոսել»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ նորություն կա Տիգրան Աբգարյանի գործով՝ Սասուն Խաչատրյանի արած աղմկահարույց հայտարարությունից հետո, ՀՔԾ պետը պատասխանեց.

«Այդ մասով բոլոր ապացույցները գտնվում են դատարան գնացած քրեական գործում: Հույս ունեմ՝ օրերից մի օր կսկսվի դատաքննությունը, կհրապարակվեն, դուք էլ կտեսնեք»:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ԱԱԾ նախկին տնօրենի Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազանգի գաղտնալսման վերաբերյալ պարզաբանումներ տալու ժամանակ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, թե Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է Հատուկ ջոկատայինների կողմից:

«Տիգրան Աբգարյանի՝ ներքին զորքերի զինծառայողի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին, և այս ուղղությամբ մենք նույնպես բավականին աշխատանք ենք արել։ Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ ապացույցներ։ Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում՝ Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Եվ մեր վերսիան, որը հետևյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվի։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է», – ասել էր Խաչատրյանը՝ հավելելով, թե այդ նորությունն արդեն բավարար էր, որ իր ու Վանեցյանի դեմ իսկական գործ սկսվեր, այդ իսկ պատճառով էլ չէին հրապարակում այդ տվյալները:

Տեսանյութեր

Լրահոս