Գազի հարցում տանդեմային քաղաքականությունը չի բխում Հայաստանի և Բելառուսի շահերից․ Սիմոնով
«Եթե Հայաստանն ու Բելառուսը քննարկում են ԵԱՏՄ շրջանակում էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորման հարցը, նոր ժամկետներ և հնարավորություններ են առաջարկում, կառուցողական երկխոսության հայտ ներկայացնում, դա այլ հարց է»,- այս մասին ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով հայ-բելառուսական տանդեմին ՌԴ-ից մատակարարվող գազի սակագների հարցում։
Հիշեցնենք, որ օրերս բելառուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Լուկաշենկո հերթական հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ու այլ հարցեր։ Հեռախոսազրույցի մամլո հաղորդագրություններում որևէ խոսք չկա ռուսական գազի սակագների մասին, ի տարբերություն նրանց նախորդ հեռախոսազրույցի՝ բելառուսական կողմի տարածած հաղորդագրության։
Սակայն չի բացառվում, որ այդ հարցը քննարկվել է և չի հանրայնացվել, քանի որ նախորդ անգամ այդ հարցի քննարկումն այս ձևաչափով դրական արձագանք չունեցավ Մոսկվայից։ Սակայն Փաշինյան-Լուկաշենկո շփումների հաճախականությունը և բնույթը մի շարք վերլուծաբանների թույլ է տալիս ենթադրել, որ տանդեմը շարունակելու է գործել և գազի հարցով պրեսինգի ենթարկել Մոսկվային։
Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ ՌԴ նախագահը հստակ սահմանեց գազի հարցով «խաղի կանոնները», եթե ցանկանում ենք էականորեն էժան գազ, քան ներկայիս գներն են, ապա փոխվելու է նաև քաղաքական հարաբերությունների բնույթը, քանի որ խոսքն արդեն ներքին գների մասին է։ Ըստ նրա՝ ռուսական կողմից նման պատասխան է տրվում նաև այն պատճառով, որ չափազանց անկայուն է աշխարհում իրավիճակը «Գազպրոմ»-ի համար։
«Այնպես չէ, որ Ռուսաստանը ներկայիս գներով փորձելու է օգուտներ ստանալ Հայաստանից և Բելառուսից, հարցն այն է, որ խնդիրներն այս ոլորտում չափազանց շատ են ՌԴ-ի համար, և դրանց գումարվում են նոր պահանջներ՝ հաշվի չի առնվում այն իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը։
Ռուսաստանը ժամանակ է փորձում շահել՝ լուծելու համար սեփական խնդիրները և կայունացնելու շուկան և «Գազպրոմ»-ի դրությունը եվրոպական շուկայում՝ մասնավորապես։ Բնականաբար, այն, որ գազի թեման քննարկում են Հայաստանն ու Բելառուսը, իրենք չունենալով գազ և երկկողմ գազային հարաբերություններ, չի կարող դրական ընկալվել Ռուսաստանում համապատասխան կառույցների կողմից, և այդ ֆոնին բարձրացված հարցն ի՞նչ արձագանք պետք է ստանա։
Մենք տեսնում ենք Ռուսաստանի գիտակից մոտեցումը՝ առանց հավելյալ լարվածության, շարժումների, Ռուսաստանը կենտրոնացած է իր խնդիրների վրա և լուծում է դրանք։ Իսկ գործընկերները, որոնք մշտապես էժան գազ են ստացել, ունեն պահանջներ, ինչը ես ավելի վաղ ևս ասել եմ, որ հասկանալի է, բայց այս փուլում այդ պահանջները չէին բավարարվելու, դա կանխատեսելի էր։ Չեմ կարծում, որ այս հարցում տանդեմային քաղաքականությունը բխում է Հայաստանի և Բելառուսի շահերից։
Հիշեք՝ ինչպես են խնդիրները հարթվել նման դեպքերում Բելառուսի հետ. ըստ էության, ոչ մի կերպ, մենք ծանոթ ենք այդ գործելաոճին, և դա որևէ արդյունք չի ունեցել, այդ փորձը կա, պետք է ուսումնասիրել և հետևություններ անել։ Եթե Հայաստանն ու Բելառուսը քննարկում են ԵԱՏՄ շրջանակում էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորման հարցը, նոր ժամկետներ և հնարավորություններ են առաջարկում, կառուցողական երկխոսության հայտ ներկայացնում, դա այլ հարց է, սակայն այս ձևով բարձրացված հարցը չունեցավ որևէ դրական արձագանք, քանի որ այն, թե ինչպես էր հարցը բարձրացվել, քննարկվել, անընդունելի էր»,- ասաց Սիմոնովը։
Նրա կարծիքով՝ գուցե պրեսինգի փորձեր ապագայում ևս լինեն, բայց դա որևէ արդյունքի միանշանակորեն չի հանգեցնելու։
«Յուրաքանչյուր երկիր իր գազային խնդիրները Ռուսաստանի և համապատասխան ընկերության հետ պետք է քննարկի առանձին, երկկողմ մակարդակում, դա կլինի քաղաքականապես ճիշտ, որից հետո ըստ իրավիճակի՝ կծավալվեն տնտեսական բնույթի բանակցություններ։
Ավելին, «Գազպրոմ»-ը ներկայումս որևէ երկրի համար թանկացումների չի դիմում, հարցերը պետք է ճիշտ բարձրացվեն՝ թե տնտեսապես, թե քաղաքականապես»,- ասաց Սիմոնովը։