«Ծնողները դասղեկին համոզել են, թե բացօթյա է, ոչինչ չի լինի, հատկապես, որ մեր գյուղում վարակ չկա». Սուրենավանի դպրոցի տնօրեն 

Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանցիների միջոցառումն ավարտվեց իրենց դասղեկի՝ Հասմիկ Աբրահամյանի, դպրոցից հեռանալով: Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ մի հավաքի լուսանկար։ Դրանից  հետո ուսուցչին ու դպրոցի տնօրենին հրավիրել էին Արարատի մարզպետարան ու պատասխանատվության ենթարկել: 168.am-ի հետ զրույցում Սուրենավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը մանրամասներ պատմեց կատարվածից և վստահեցրեց, որ իրենց դպրոցում հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվել են:

«Ես մայիսի 27-ին մեր դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղադրել եմ պարետի որոշումը, նախարարի հրամանը՝ բացառել ամեն տեսակ միջոցառումները: ZOOM-ով մանկխորհ եմ անցկացրել, բոլորին հրահանգավորվել, որ հանկարծ միջոցառումներ չլինեն: Ատեստատ և վկայական երեքով ենք գրել՝ ես, փոխտնօրենը և գործավարը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես ենք պահպանել կանոնները: Ատեստատները հանձնել ենք ֆիզկուլտուրայի դահլիճում, որ հեռու-հեռու կանգնեն աշակերտները: Ես ջերմ մարդ եմ, ես երեխա չգրկեմ, ինչպես ամեն տարի է եղել, չհամբուրեմ, հետները չնկարվեմ, այդպիսի բան չի եղել, բայց այս տարի անգամ երեխաների ձեռքը չեմ սեղմել, ասել եմ՝ եթե պահանջվում է, պետք է անենք: Իմ բոլոր ուսուցիչներն էլ կանոններին հետևել են: Այս ուսուցչին, ինչպես ինքն է պատմել ինձ, աշակերտներն  անընդհատ հորդորել են՝ գնանք-գնանք, ինքը չի համաձայնել, ասել է, որ արգելվում է, ծնողներն են եկել համոզել, ասել են՝ բացօթյա է, ոչինչ չի լինի, հատկապես, որ մեր գյուղում վարակ չկա, գնանք գյուղի մոտակայքում էքսկուրսիայի, թեթև միջոցառման: Ասում է՝ ես էլ գնացի, որ երեխաների կողքին լինեմ, ավել բան չանեն, այս ու այն կողմ չգնան: Սխալվել են, իհարկե, սխալվել են»,- պատմեց Ավետիսյանը:

Խնջույքը տեղի է ունեցել հունիսի 2-ին, տնօրենն իմացել է 2 օր անց, երբ իրեն զանգել են մարզպետարանից և ասել, որ ուսուցչի հետ ներկայանա:

«Այդ դասարանի դասղեկն իմ աշակերտն է եղել, 23 տարի էլ իմ ուսուցչուհին է, սիրտս ցավ է ապրում: Ասացին, որ կարգը խախտել եք, Դուք էլ թույլ եք վերահսկել, ուսուցիչը Ձեզ չի լսել, գնացել է միջոցառման, Ձեզ խիստ նկատողություն է հասնում, իսկ ուսուցչուհին պետք է հեռացվի աշխատանքից: Ուսուցչուհիս, հասկանալով իրավիճակը՝ ինձ ասաց, որ վատ է զգում իրեն, ասաց՝ ինքս դիմում կգրեմ, դուրս կգամ, որ Ձեր վրայից դուրս գա այդ նկատողությունը, ի վերջո, ես միայն 20-25 տարվա տնօրեն եմ, 37 տարվա մանկավարժական փորձ ունեմ: Ես չեմ ստիպել, չեմ պարտադրել, իր անձնական նախաձեռնությունն է եղել: Ես առաջարկել եմ, որ խիստ նկատողություն տամ, ասել եմ, որ անգամ դասղեկությունից կզրկեմ, եկանք դպրոց հասանք, հրահանգը եկավ, որ՝ անպայման ազատել: Ավելի ուշ մարզպետը գրեց, որ ինձ ամեն դեպքում խիստ նկատողություն են տվել»,- ասաց Ավետիսյանը:

Ուսուցչուհին, որն ազատվել է աշխատանքից, սկզբում դասվար է աշխատել դպրոցում, հետո վերապատրաստվել է ու դարձել Պատմության և Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի: Գյուղական դպրոցներում կադրային խնդիրները, կարծես, նորություն չեն, և թե որքա՞ն ժամանակ կպահանջվի տնօրենից՝ թափուր հաստիքը  լրացնելու համար, հարց է, որը մնում է առկախված: Ինչ վերաբերում է վերահսկողության ոչ պատշաճ կատարմանը, ապա արդար կլինի նշել, որ 11-րդ դասարանն ավարտական չէ, աշակերտներն էլ, ինչպես տնօրենն ասաց մեզ հետ զրույցում, դպրոցում չեն հավաքվել: Տնօրենի համար դժվար կլիներ հետևել արձակուրդում գտնվող երեխաների վարքին:

«Մեր դպրոցի 9-րդ և 12-րդ դասարանցիները որևէ միջոցառում չեն արել»,- ասաց Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս