Փաշինյանի հրաժարականի հրամայականը
Վերջին օրերին բոլորս ականատես ենք լինում աննկարագրելի թվով վարակման դեպքերի, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով ավելանում են, սակայն իշխանության վարքագծում ոչ մի էական փոփոխություն ու հստակություն այդպես էլ տեղի չի ունենում, ավելին՝ շարունակվում է նույն արհամարհական ու մուննաթ ինտոնացիայով ստեղծված իրավիճակի համար մեղավորներ փնտրել։
Ստեղծված իրավիճակը, որը, ըստ էության, իրական աղետից բացի, այլ կերպ որակել չի կարելի, վկայում է, որ կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ձախողել է ողջ ճգնաժամային կառավարումը, և ներկա փուլում ուղղակի փրփուրներից կախվելու քաղաքականություն են վարում։ Այսօրվա դրությամբ երկրում կա մոտ 240 մահվան դեպք, իսկ համապատասխան պաշտոնյաները, որոնք համավարակի սկզբնական փուլում այդ ամենին վերաբերվում էին հեգնանքով և մեծամտությամբ, շարունակում են մնալ իրենց զբաղեցրած պաշտոնին։
Ինչպես հայտնի է՝ մայիսի 4-ին պարետատան համապատասխան որոշմամբ՝ հանվեցին գրեթե բոլոր սահմանափակումները, և իշխանությունները փորձեցին ձեռնամուխ լինել, իրենց բառերով ասած, «կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն պայքարին»։ Սա այլ բառերով կարող ենք բնութագրել հետևյալ կերպ․ իշխանությունները հասկանում էին, որ կորցրել են համավարակի վերահսկման ղեկը, և եթե անգամ սահմանափակումը պահվեր, միևնույն է՝ չէին կարողանալու պատշաճ վերահսկում կազմակերպել, դրանով իսկ պայմանավորված՝ գնացին այդ՝ ոչ մի հիմնավորում ու բացատրություն չունեցող քայլին։
Այլապես տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու սահմանափակումների թուլացումից միայն երկու շաբաթ անց դրվեց դիմակների պարտադիր կրման պահանջը։ Եթե իշխանություններն ի սկզբանե համարում էին որ դիմակները խիստ անհրաժեշտ են (և դա այդպես է), ապա ինչո՞ւ հենց մայիսի 4-ից դա չդարձրեցին խիստ նորմ։ Ողջ իրավիճակը ցույց տվեց, որ իշխանության կորցրած երկու շաբաթը թանկ գին ունեցավ՝ մարդկային կյանքեր, խեղված ճակատագրերի։
Այսօր ունենք ստեղծված մի իրավիճակ, երբ Փաշինյանի խոսքն ու ժողովրդի ակնկալիքներն այլևս չեն համապատասխանում իրար։ Քաղաքացիներն այլևս հոգնել են հեղափոխական ճառերից, պատմական էքսկուրսներից, վարչապետի ֆեյսբուքյան արկածներից ու «հեքիաթային Հայաստանի» մասին երազանքների ճամարտակություններից։
Իր հերթական «լայվ»-երից մեկի ժամանակ Փաշինյանն ընդունեց, որ վիճակն աղետալի է դառնում, և հնարավոր է՝ է՛լ ավելի վատանա ընդհանուր դրությունը։ Եթե այդպես է, կամ ինքն էլ վիճակը պետք է վերջապես շտկի, բոլորիս գիտակից օգնությամբ, կամ հեռանա ու թողնի, որ դա արդեն անեն ուրիշները, այլապես ամեն անցնող օր փաստացի մեզնից նոր մարդկային կյանքեր է խլում։
Այս ամենը համադրելով՝ կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ձախողված ճգնաժամային կառավարման այս գործընթացը հանգեցնում է մի պարզ տրամաբանության՝ Փաշինյանը ժամ առաջ պետք է ներկայացնի հրաժարականի դիմում, հակառակ դեպքում նման ձախողումը հանգելու է վերջնական կոլապսի։ Ներկա փուլում անհրաժեշտ է առաջնորդվել ազգային ու, ամենակարևորը, պետական շահով, ինչը, ցավոք, այսօրվա իշխանությունները չունեն։ Հիմա կարևորը ոչ թե սեփական աթոռի ամրությունն է, այլ պետության ու ժողովրդի անվտանգությունը՝ և՛ ներքին, և՛ արտաքին։
Արմեն Հովասափյան