«Պետք է շտապ վերանայել բժշկական ծառայությունների գները, որպեսզի կարողանան սպասարկել ամբողջ բնակչությանը». Արա Բաբլոյանն արագ որոշումների անհրաժեշտություն է տեսնում
Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 221-ի:
«Վատ լուրեր ունեմ, համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում»,- դեռ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ մենք մի իրավիճակում ենք, որ առողջապահական համակարգն այլևս չի դիմանում:
Ի՞նչ պետք է անի կառավարությունը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար՝ 168.am-ը հարցն ուղղեց Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանին:
Ի պատասխան՝ Ա. Բաբլոյանը նշեց առողջապահական համակարգի շարունակական աշխատանքի համար այս պահին անհրաժեշտ մի քանի կարևոր քայլերի մասին. «Ազգային ժողովով երկու անգամ պետք է ավելացվի Առողջապահության բյուջեն, վերանայվեն շտապ բժշկական ծառայությունների գները, որպեսզի կարողանան սպասարկել ամբողջ բնակչությանը»:
Ըստ նրա՝ այդ որոշումները պետք է իրականացվեն շատ արագ:
Հարցին՝ արդյոք մանկական հիվանդանոցները պատրա՞ստ են նոր իրավիճակին՝ հաշվի առնելով երեխաների մոտ կորոնավիրուսով վարակման աճող դեպքերը և արդեն կորոնավիրուսի հետևանք հանդիսացող կավասակի սինդրոմի առաջին դեպքը, Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավարը պատասխանեց. «Արաբկիր բժշկական համալիրն արդեն ամիսներ շարունակ նախարարության հետ ծրագիր է մշակել ու հաստատել, այդ թվում՝ նաև կավասակիով երեխաների համար, այնպես որ՝ մեզ համար անակնկալ չէր այդ դեպքը (գիտեք՝ նա բուժվում է Արաբկիրում), և թե՛ նախարարությունը, թե՛ Արաբկիր բժշկական համալիրը պատրաստ են դրան»:
Արդյոք նախարարությունը խորհրդակցո՞ւմ է Ձեզ հետ՝ որպես փորձառու բժշկի, ոլորտի գիտակի. այս հարցին ի պատասխան էլ՝ նա տեղեկացրեց.
«Մենք սերտ համագործակցում ենք նախարարության հետ»: