
«Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկներն ասում են՝ տաքությունով գնում ենք հիվանդների մոտ, ու մեզ թեստեր չեն անում». Նաիրա Զոհրաբյանը խոստացավ հեռախոսահամարներ տալ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ փաստը, որ մեկ օրում Հայաստանում գրանցվել է 697 վարակակիր՝ արդեն խուճապ է, անկախ այն հանգամանքից՝ ԱԺ-ի իր գործընկերներն այդ բառը բարձր ամբիոնից կասե՞ն, թե՞ ոչ:
«Դուք խոսում եք խրամատներից, ես չգիտեմ ավելի լավ խրամատ, քան ընդդիմությունը խոսում էր և ի սկզբանե ներկայացրել էր ծրագիր, որն իրականացնելով՝ հնարավոր կլիներ կորոնավիրուսի ճգնաժամը կոտրել: Բայց այդ առաջարկներից որևէ մեկը չի ընդունվել: Ուրիշ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը, դուք մեծամասնություն եք, դուք վերցրեցիք քաղաքական պատասխանատվություն, ասացիք՝ մեր առաջարկները լավը չեն, կարող եք այս գործընթացներն ավելի լավ պահել կառավարելիության շրջանակներում: Սա՝ այն դեպքում, երբ վարչապետը և Առողջապահության նախարարն այսօր օրը մի քանի անգամ ասում են, որ իրավիճակն անկառավարելի է»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց, որ դեռ ամիսներ առաջ Առողջապահության նախարարն ասել էր, որ մոտավորապես մայիսի վերջին Հայաստանն ունենալու է վարակվածների ներկայիս թիվը, ապա դիմելով Սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին՝ պատգամավորը հարցրեց. «Հարգարժան փոխնախարար, չէիք հավատում Արսեն Թորոսյանի, իմ կարծիքով՝ գրագետ վերլուծություններին, որ այսօր արդեն ունենալու էինք այդ թիվը: Այսինքն՝ Դուք արդեն պետք է բոլոր հաշվարկները վաղուց արած լինեիք»:
Նաիրա Զոհրաբյանը նաև հավելեց, որ կտրամադրի Նոյեմբերյանի հիվանդանոցի այն բժիշկների հեռախոսահամարները, որոնք իրեն տեղեկացրել են, որ իրենց թեստեր չեն անում:
«Ասում են՝ գնում ենք առաջնային օգնություն ցույց տալու, տաքությունով գնում ենք հիվանդների մոտ, հետևաբար՝ ուզում են հասկանալ, համավարակի դեմ պայքարի հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսել: Կա անհրաժեշտություն այստեղ հրավիրելու պարետին, Առողջապահության նախարարին, ոստիկանապետին»,- եզրափակեց խոսքը ԲՀԿ-ական պատգամավորը: