Գույքահարկի բարձրացման հաջորդ քայլը Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում է

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 106 «կողմ» ձայնով:

Մինչ այդ Կառավարությունը մայիսի 27-ի նիստում ընդունեց որոշում, համաձայն որի` այսուհետ Հայատանում այլևս չի լինելու չհարկվող գույք. եթե մինչ այժմ մինչև 3 մլն դրամ արժեքով գույքը չէր հարկվում, ապա, կառավարության ընդունած որոշման համաձայն, կհարկվի ոչ միայն մինչև 3 մլն դրամ արժեք ունեցող գույքը, այլև 10-12 անգամ կթանկանան գործող գույքահարկերը։

Նկատենք, որ գույքահարկի բարձրացման մասին հարցը ընդգրկված էր գործադիրի` մայիսի 27-ի նիստի զեկուցվող հարցերի շարքում։

Իսկ ահա վաղը՝ հունիսի 4-ին, Կառավարության հերթական նիստի` արդեն չզեկուցվող հարցերի շարքում է ընգրկված գույքահարկի թանկացման հետ կապված հաջորդ քայլը՝ «Հողամասերի և շինությունների տարածագնահատման գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն, 1994 թվականի սեպտեմբերի 28-ի N 462 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2002 թվականի հուլիսի 25-ի N 1101-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը։

Այս նախագծով՝ կառավարության որոշմամբ կսահմանվեն Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները:

Միջոցառման իրականացումը հնարավորություն կընձեռի անշարժ գույքի հարկը, պետության և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերի օտարման, ինչպես նաև վարձակալության տրամադրման դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գները հաշվարկել անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից։

Թե ինչու է Կառավարությունը որոշել հրատապ, արտակարգ դրության պայմաններում, չզեկուցվող հարցերի թվում անցկացնել նման խնդրահարույց նախագիծ, որը բոլոր քաղաքացիներին է վերաբերում, պարզ չէ, միայն թե նկատենք, որ գույքահարկի բարձրացման մասին որոշման ընդունումից հետո բազմաթիվ են մասնագիտական քննադատություններն այն մասին, որ գույքահարկը թանկացնելով 10-12 անգամ` Կառավարությունը հարվածելու է նաև սոցիալապես անապահով խավերին, որոնք պարտավորվելու են այսուհետ օրինակ 50 հազար դրամ վճարվող գույքահարկի փոխարեն վճարել 500 հազար դրամ։

Ըստ հաշվարկների՝ գույքահարկի թանկացումը ազդելու է նաև ՀՀ 450 հազար այն քաղաքացիների վրա, որոնք ունեն մինչև 3 միլիոն դրամ արժեքով գույք և մինչ այս որոշումն ազատված էին գույքահարկից։

Հիշեցնենք, որ գույքահարկի թանկացման վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել էր քաղաքացիներին օնլայն ցույց կազմակերպել՝ ընդդեմ թանկացման։

Տեսանյութեր

Լրահոս