Փաշինյանը  կմասնակցի՞ Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին

Հաշվի առնելով փաստը, որ օրեր շարունակ ռուսական լրատվամիջոցները տարածում են ԱՊՀ այն երկրների անունները, որոնք ընդունել են հրավերը և համաձայնել են մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք  Հաղթանակի շքերթին, և այն, որ Հայաստանի Հանրապետության անունը չկար այդ ցուցակում, 168.am-ն օրեր առաջ փորձեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից ճշտել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է այդ շքերթին,  ինչին ի պատասխան՝ խոսնակը նշեց, որ հրավեր ստացել են, սակայն մասնակցության մասին ավելի ստույգ կասի երկուշաբթի:

«Համաձայնության մասով այս պահին դեռ բան չունեմ ասելու: Այս պահին որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, իսկ երկուշաբթի գրավոր դիմեք կամ զանգեք, և ես ավելի ամբողջական կտամ»,- ասաց նա:

Երկուշաբթի օրը «ճակատագրի հեգնանքով» պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, ամեն դեպքում, տևական ժամանակ զանգահարեցինք Մանե Գևորգյանին, քանի որ շքերթին դեռ 24 օր կա, սակայն վարչապետի մամուլի խոսնակը ոչ մեր զանգին, ոչ էլ հիշեցում-հաղորդագրությանը չպատասխանեց:

Մենք փորձեցին կապ հաստատել անգամ  Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցից հետո, երբ նույնիսկ ծանոթացել էինք վարչապետի պաշտոնական կայքում դրված հաղորդագրությանը, որտեղ ասվում էր, թե ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, Կրեմլի՝ հեռախոսազրույցին առնչվող հաղորդագրության մեջ այս մասին ոչինչ չկա նշված:

Նշենք, որ Հաղթանակի շքերթին մասնակցության համաձայնություն են տվել, մասնավորապես,  Ղազախստանի, Մոլդովայի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Ղրղըզստանի, Սերբիայի ղեկավարները:

Վերադառնալով կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանին, հավելենք, որ թեստի դրական արդյունքից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանն է «հավաքել» ՀՀ առողջապահության նախարարին, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, և որոշել է կառավարական առանձնատնից ճեպազրույց կազմակերպել:

 

Տեսանյութեր

Լրահոս