«ԶՈւ-ում 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը». Գլխավոր դատախազ
Այսօր ԱԺ-ում 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելիս, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին Պաշտպանության բանակում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ: 29 մահվան դեպքն էլ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
«Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի ընթացում Զինված ուժերում և Պաշտպանության բանակում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որից 38-ը՝ զինվորական ծառայության անցնելու հետ, փաստորեն 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը: Հատկանշական է, որ 2018 թվականի համեմատ՝ նախորդ նախորդ տարվա ընթացքում գրեթե կիսով չափ նվազել են հրադադարի խախտմամբ հակառակորդի կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 36,4 տոկոսով՝ զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 11, 2 տոկոսով՝ ծանության տարբեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստանալու դեպքերը»,- նշեց Ա. Դավթյանը:
Ըստ Գլխավոր դատախազի, չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, 2020 թվականի հիմնական առաջնահերթություններից է անողոք պայքարը բանակում քրեական ենթամշակույթի դեմ:
Նրա խոսքով՝ այս հարցում կարևորվում է Պաշտպանության նախարարության սպայական վարքագծի փոփոխության ուղղությամբ միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը:
«Հատկանշական է, որ շուրջ 30 տոկոսով նվազել է սպաների շրջանում հանցավորության մակարդակը: Այս ուղղությամբ կարևոր արդյունք է ապահովել զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեկ գործով Զինվորական դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը: Սա էական է Զինված ուժերում բռնության գործադրման հանրային վտանգավորության բարձր աստիճանն արձանագրելու, այդ երևույթների դեմ միասնական ու հետևողական պայքար ապահովելու գործում»,- հավելեց Արթուր Դավթյանը:
Նա ընդգծեց, որ Զինված ուժերում հակակոռուպցիոն պայքարը ևս շարունակվում է բարելավվել: Այս առումով, ուսումնասիրությունների շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12 միլիարդ դրամի վնաս, որը 2018 թվականի արդյունքները գերազանցում է 6 անգամ: Այն հավասար է 2013-2018 թվականի վնասի ընդհանուր չափին:
«Վերականգնվել է 1,2 մլրդ դրամ կամ 2018 թվականի համեմատ գրեթե կրկնակի ավելին»,- շեշտեց նա: