ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում գյուղատնտեսական նշանակության և բժշկական նպատակներով օգտագործվող որոշ ապրանքների արտահանման նկատմամբ 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ պարետի որոշումներով հաստատված ցանկերի ապրանքների արտահանման նկատմամբ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 24.03.2020թ. թիվ 41 որոշման համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:

ԵՏՀ կոլեգիայի 31.03.2020թ. թիվ 43 որոշման համաձայն` մինչև հունիսի 30-ը ներառյալ արգելվում է նաև գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքների արտահանումը: Բացի այդ, Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա մի խումբ ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում է սահմանվել Հայաստանի Հանրապետության պարետի 03.04.2020թ. թիվ 31 որոշմամբ:

«ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն  ուղղված միջոցառումների ծրագրի» շրջանակում մաքսային ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում կանխվել է նշված որոշումներով հաստատված ցանկերում ընդգրկված մի շարք ապրանքների արտահանումը։

Արտահանման նման դեպքեր հայտնաբերելիս ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գրավոր հարցում է կատարում ՀՀ առողջապահության նախարարություն, որը տալիս է իր գրավոր համաձայնությունը կամ արգելում արտահանումը։ Ապրանքները, որոնք  ենթակա չեն փոխաբեռնման, հաշվառվում են մաքսային մարմինների կողմից, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ տեղաշարժվում են ՀՀ տարածքով։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս