
«Գազպրոմ»-ը Բելառուսի համար չի իջեցրել գազի գինը և պահանջել է վերադարձնել պարտքը

Ռուսական գազի մատակարարման համար Բելառուսի պարտքը կազմում է 165,57 մլն դոլար: «Գազպրոմ» ընկերությունը պատրաստ է պայմանագրի վերանայման շուրջ բանակցություններ սկսել միայն պարտքի վերաբերյալ հարցի կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է ռուսական ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, գրում է lenta.ru-ն։
Ընթացիկ տարում «Գազպրոմ»-ը չի նվազեցնի գազի գինը հարևան hանրապետության համար։
Միլլերի խոսքով՝ մայիսի 29-ին ընկերության դիրքորոշման մասին նամակն ուղարկվել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչին:
Գարնանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս բողոքել է ռուսական գազի թանկացումից։ Մայիսին նա նշել էր, որ նույնիսկ Գերմանիան այն երկու անգամ ավելի էժան է գնում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում տնտեսապես հիմնավորված է համարել գինը՝ ընդգծելով, որ այն ձևավորվում է շուկայական կոնյունկտուրայի հիման վրա՝ հաշվի առնելով մատակարարների ծախսերն ու ներդրումները: