Բաժիններ՝

«Կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային. պահպանելով այս ուղերձները՝ նվազեցնում ենք ամբողջովին վարակվելու ռիսկը». Արտավազդ Վանյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ առկա է բավականին լարված համաճարակային վիճակ:

«Ի սկզբանե, հակահամաճարակային միջոցառումները մենք իրականացրել ենք հետևյալ ուղղությամբ,  որպեսզի հայտնաբերենք բոլոր հիվանդներին՝ այս անգամ առանց ախտանիշների, փորձելով արագ հայտնաբերելու դեպքում կանխարգելել նրա տարածումը: Տեղյակ եք, որ շատ երկրներ, ինչպես նաև մեր երկիրը կիրառեցին սահմանափակումներ, որը նվազեցնում էր շփումները: Սակայն այդ միջոցը հնարավոր չէ իրականացնել երկարատև, այդ պատճառով էլ առաջարկում ենք կարևոր երեք կանխարգելիչ ուղղություններ»,- այսօր պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ընթացքում ասաց Արտավազդ Վանյանը:

Թվարկելով կանխարգելիչ երեք միջոցառումները, նա նշեց, որ շարունակելու են վարակի վաղ հայտնաբերման աշխատանքները, ինչը հնարավորություն է տալու որոշակիորեն կանխարգելել վարակի տարածումը:

Երկրորդ ուղղությունը վերաբերում է տնտեսվարողներին ու այն կազմակերպություններին, որոնց դեպքում հավանականությունը մեծ է, որ վարակը կարող է արագ տարածվել: Վանյանը կոչ արեց հետևել պարետատան որոշումներին, որը կարող է ձևավորել մշակույթ, որպեսզի  տնտեսվարողները հասկանան՝ կորոնավիրուսի հետ դեռ երկար ժամանակ են ապրելու:

«Ամենակարևորը մեր բնակչությունն է, որին տալիս ենք երեք հիմնական ուղերձներ՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային: Այս երեք ուղերձները պահպանելով՝ մենք նվազեցնում ենք վարակվելու ռիսկը: Մենք դիմում ենք մեր բնակչությանը, քանի որ վերջին դեպքերը ցույց տվեցին՝ հոգեհանգստի արարողությունների, խնջույքների ժամանակ  եղել են փոքր բռնկումներ: Ուզում եմ շեշտել հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները, անգամ եղել են դեպքեր, որ մարդիկ կորոնավիրուսով չվարակված ու մահացած անձի հուղարկավորությանն են մասնակցել և վարակվել են: Փաստը ցույց է տալիս, որ մարդը չի ունեցել ախտանիշներ, և դրա արդյունքում մենք այսօր մի ամբողջ գյուղ ունենք վարակվածներ: Սա վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր անձ շփվելով մյուսի հետ՝  պետք է պահպանի կանոնները»,- հավելեց մասնագետը:

Նա վստահ է, որ, եթե մարդիկ պահպանեն իրենց տված ուղերձները, ապա հնարավոր կլինի վարակը կանխարգելել:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանն իր պատմության ընթացքում շատ է առնչվել համաճարակների հետ, իսկ այսօր ունի նոր մարտահրավեր՝ կորոնավիրուսը, որին միայն համատեղ ուժերով կարող ենք դիմակայել՝ պահպանելով բոլոր կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս