Բրազիլիայում հայերի շրջանում կորոնավիրուսով վարակվածներ չկան
Վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 1156 մարդ, սա երկրում ամենաբարձր օրական ցուցանիշն է՝ համաճարակի սկսվելուց ի վեր, հայտնում է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը:
Օրվա ընթացքում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 26 417-ով՝ հասնելով 438 238:
Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքի «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամի, նույնանուն ինտերնետային հեռուստաընկերության և «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Սարգիս Կարամեկյանի փոխանցմամբ՝ կառավարությունն ամեն միջոց ձեռնարկում է, որ ժողովուրդը տնից դուրս չգա, պահպանեն կանոնները։
«Խանութները մեծ մասամբ փակ են։ Մարդիկ կան, որ հասկանում են ու իրավիճակից ելնելով՝ տանն են մնում, բայց կան նաև կարգազանցներ։ Մոտ 20.000 հայ կա Բրազիլիայում։ Իմ տեղեկություններով՝ նրանց շրջանում կորոնավիրուսով վարակվածներ չկան»,- 168․am-ի հետ զրույցում հայտնեց Սարգիս Կարամեկյանը։