Բաժիններ՝

«Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով լրջանում է». վարչապետը՝ կորոնավիրուսի մասին

«Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի շուրջ իրավիճակը շարունակում է լարվել». պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց նախ ցավակցեց կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների հարազատներին:

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է, կարող ենք արձանագրել, որ պոտենցիալ աղբյուրներն ամենուր են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում, ամենուր: Այս իրավիճակից, շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է, առաջին հերթին՝ դիմակի կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ չպետք է որևէ տեսակի առևտուր տեղի ունենա, եթե և՛ վաճառողը, և՛ գնորդը դիմակով չեն: Վարչապետը կոչ արեց նաև դադարեցնել դիմակների մասին քննարկումներն ու շահարկումները:

«Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով լրջանում է: Անտեղի եմ համարում այն շահարկումները, որ դիմակը թանկ է, որովհետև մենք ոչ մեկին չենք պարտադրում  դիմակ  գնել, ասում ենք, որ այն կարելի է պատրաստել տնային պայմաններում:  Մեր և մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է 0-ի հասցնել վարակի տարածումը: Կարևորում ենք որակյալ կրումը, դիմակը պետք է պարբերաբար փոխվի, մի քանի օրինակ է պետք ունենալ»:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ ինչպես չի լինում քննարկում, որ, եթե ակնոցը թանկ է, ապա վատ տեսողություն ունեցողը չպետք է ակնոց կրի, այնպես էլ չպետք է լինեն դիմակի գնի քննարկումներ:

«Համաճարակի աղբյուրներն ամենուր են:  Բազմաթիվ վարակակիրներ, նրանք հազարավոր են, չգիտեն, որ իրենք վարակակիր են, մեզանից ոչ ոք չգիտի՝ ինքը վարակակի՞ր է, թե՞ ոչ, հիվանդության դեպքերի 70 տոկոսը և ավելին ասիմպտոմ են: Մարդը չի արձանագրում որ հիվանդ է, քանի որ ախտանիշ չունի, ինքը այդպես էլ կբուժվի, բայց այս ընթացքում կարող է վարակել տասնյակ-հարյուրավոր մարդկանց, առաջին հերթին՝ իր հարազատներին, ընկերներին: Շատ հնարավոր է, որ Աստված չանի՝ բախվենք այնպիսի իրավիճակի, որ վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի, հիշեք, որ պակասող տեղը կարող է անհրաժեշտ լինել ձեր հարազատին, կոչ եմ անում իրավիճակին այսպես նայել»:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ իրենք հույսը դրել են հանրային վարքագծի փոփոխության վրա, բայց միայն դրանով չեն սահմանափակվելու:

«Այդ համատեքստում վարչական լծակներ էլ ենք կիրառելու, վերջին օրերին գործադրել ենք անսպասելի ռեյդերի պրակտիկա, վարչական շրջաններում, համայնքներում Ոստիկանությունը, Տեսչական մարմինների ուժերը մտնում են մի տարածք, ստուգում են, թե ինչպես են պահպանվում կանոնները»,- ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս