Այնպիսի տպավորություն ստացա, որ ԿԳՄՍ փոխնախարարն այլ իրականությունում է գտնվում. Արսեն Ջուլֆալակյան
Երեկ տեղի է ունեցել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության առկա խնդիրների վերաբերյալ:
Նիստին ներկա են եղել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն անդրադառնալով դռնփակ նիստին՝ ասաց, որ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի ելույթից այնպիսի տպավորություն է ստացել, որ նա բացարձակ այլ իրականությունում է գտնվում՝ գոնե սպորտի մասով:
«Միայն արձագանքել եմ նրա ելույթին, որը բավականին ծավալուն էր: Նա նշեց, որ Քովիդով պայմանավորված՝ Հայաստանի մարզաշխարհում գրեթե հարց չկա, բոլոր հարցերը լուծված են, խնդիրները լուծված են, որպես հակադարձում՝ նշեցի ուրբաթ օրը մեր հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկումը, որտեղ ես չեմ խոսել, խոսել են մարզաշխարհի ներկայացուցիչները, խնդրեցի՝ գնան մի հատ էլ նայեն տեսաձայնագրությունը և հասկանան՝ այն հարցերը, որ նշում են՝ լուծված են, գրեթե լուծված չեն: Բարձրաձայնել եմ նաև հաշվետվողականության, հովանավորչության հետ կապված խնդիրները»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ ինքը մտահոգություն էր հայտնել, որ Սմբատ Գոգյանի հետ կապված հարցում ԿԳՄՍ փոխնախարարը ներքաշում է մարզիկներին՝ փորձելով քաղաքականացնել մարզաշխարհը, Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ փոխնախարարը հանձնաժողովի նիստին ինքն է սկսել խոսել այդ թեմաներից.
«Ասաց, այ տեսեք՝ ինձ մարզիկներն են աջակցել, ռեկտորները, ռեկտորների ժամանակավոր պաշտոնակատարները: Իմ պատասխանն էր՝ ի՞նչ կապ ունի մարզաշխարհը հնչեցված մեղադրանքների հետ, որ սատարում են Ձեզ, պարոն փոխնախարար»:
Արսեն Ջուլֆալակյանը նաև ընդգծեց, որ, եթե պարզվի, որ փոխնախարարը Գոգյանի տան դիմաց «ռազբորկայի» նպատակով էր գնացել, ապա դա շատ վատ արարք է, նման ձևով հարցերը չպետք է լուծվեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում