«Մենք հերթական ձեռքբերումն ենք ջուրը լցնում». Էդմոն Մարուքյանը՝ Կապանում ոստիկանների գործողությունների մասին

«Մենք հույս ունեինք, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարությունը և ազատ խոսքը նահանջ չի ապրելու, բայց յուրաքանչյուր կաշկանդված խոսք հենց այն վտանգն է, որը չպետք է տեղի ունենա ժողովրդավարական երկրում»,- այս մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին:

Նա ափսոսանք հայտնեց տեղի ունեցած միջադեպի համար, ինչը, նրա բնորոշմամբ՝ զարհուրելի տեսարան էր, ուստի ցավում է, որ հանրությունը, իրենց ընտանիքի անդամներն ականատես են եղել այդ ամենին:

Մանե Թանդիլյանի կարծիքով՝ ԼՀԿ-ն առաքելություն ունի պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը, հետևաբար, եթե բոլորը պետք է համաձայնեն իշխանության հետ, իսկ իշխանությունը հետապնդում է այդ նպատակը, ապա տվյալ պետությունը դատապարտված է ձախողման:

«Մենք մեր պետության ձախողումը թույլ չենք տալու, անգամ, եթե դա լինի մեր սեփական վարկանիշի հաշվին, որովհետև նման միջադեպերն ակնհայտորեն ազդում են բոլոր կողմերի վրա: Մենք եկել ենք այն եզրակացության, որ, անկախ այն հանգամանքից, որ բավարարված չենք իշխող քաղաքական ուժի իրավական և քաղաքական գնահատականներից, մենք պատրաստվում ենք մեր աշխատանքները շարունակել էլ ավելի ուժեղ, ավելի բարձր մակարդակով և բովանդակային՝ առաջ մղելով մեր պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը միտված առաջարկներն ու նախագծերը»,- հավելեց Մանե Թանդիլյանը:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ խորհրդարանը որևէ կերպ չի երաշխավորել, որ այլևս նման բան տեղի չի ունենա, հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ այն, ինչ տեղի է ունեցել, կարող է կրկնվել:

«Մենք արձանագրումներ ենք արել և այդ արձանագրումներով ենք վերադառնալու աշխատանքների»,- ընդգծեց նա:

Էդմոն Մարուքյանը նաև անդրադարձավ երեկ Կապանում տեղի ունեցած իրադարձություններին` նշելով, որ դատապարտում է ոստիկանության գործողությունները:

«Ես երեկ էլ եմ ասել, որ մենք հերթական ձեռքբերումն ենք ջուրը լցնում, ի՞նչ նկատի ունեմ: Գոնե վերջին 3 տարիների ընթացքում ոստիկանության մասին հրապարակային բռնություններ չունենք, վերջին բռնությունները եղել են 2016  թվականին: Եթե մարդուն պատահական բերման են ենթարկում, և նրա նկարներից երևում է, որ խոշտանգման են ենթարկել, հետևաբար՝ այս մասով ոչ թե պետք է ծառայողական քննություն լիներ, այլ ՀՔԾ-ի կողմից անմիջապես պետք է քրեական գործ հարուցվեր: Այս մասով ես տեսնում եմ, որ առերևույթ կա հանցագործություն, և այդ մասով քննություն պետք է գնա: Հիմա իշխանական պատգամավորներն ասում են՝ իրավաչափ է, բան չունեմ ասելու, այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում, պարզ է, որ կասեն՝ իրավաչափ է, մարդիկ կորցրել են պատճառահետևանքային կապը»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս