Շաբաթը՝ վերակենդանացող ֆուտբոլում
Երկամսյա դադարից հետո ֆուտբոլը վերադառնում է։ Արդեն վերսկսվել են մի քանի առաջնություններ, այդ թվում՝ Հայաստանի բարձրագույն առաջնությունը, և ակտիվացել է ֆուտբոլային լրահոսը։
Սերիա Ա-ն կարող է անցկացվել փլեյ-օֆֆի տարբերակով
Սերիա Ա-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկրի ֆուտբոլի մնացած լիգայի ղեկավարները հանդիպում են անցկացրել ՝ քննարկելու մրցաշրջանի ավարտի վերաբերյալ ծրագրերը:
Որոշվել է, որ բոլոր ազգային լիգաները խաղարկվեն փլեյ-օֆֆի կարճ ձևաչափով, եթե մրցաշարերը կրկին ընդհատվեն:
Փլեյ-օֆֆի խաղարկությունը տեղի կունենա թիմերի միջև՝ մրցաշարային աղյուսակի վերևից ներքև: Սա կորոշի այն ակումբներին, ովքեր կորակավորվեն եվրալիգաների համար, կամ՝ որոնք դուրս կմնան առաջնությունից։
Եթե մրցաշարերը վերջապես ավարտվեն, ապա թիմերի վերջնական դիրքերը որոշվելու են հատուկ ուղղիչ գործոններով:
Կողմերը նախատեսում են լիգայի ընթացիկ մրցաշրջանն ավարտել մինչև օգոստոսի 20-ը, որպեսզի 2020/21 մրցաշրջանը սկսվի սեպտեմբերի 1-ից:
Սերիայի Ա-ն ընդհատվեց մարտ ամսվա ընթացքում՝ համաշխարհային կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Մրցաշրջանի վերսկսումը նախատեսված է հունիսի 20-ին:
Պյանիչը համաձայնություն է ձեռք բերել «Բարսելոնայի» հետ: Նա ցանկանում է խաղալ Մեսսիի հետ և հաջողության հասնել ակումբի հետ
«Յուվենթուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:
Ըստ Mundo Deportivo-ի, Պյանիչը լիարժեք համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ՝ իր անձնական պայմանագրի շուրջ: Բոսնիացին ցանկանում է խաղալ Լիոնել Մեսսիի հետ և հաջողության հասնել «Բարսելոնայի» հետ: Ըստ կիսապաշտպանի, կատալոնական ակումբի ոճը նրան ամենալավն է համապատասխանում:
Նշվում է, որ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն փորձել է համոզել Պյանիչին գնալ ֆրանսիական ակումբ, բայց բոսնիացին մերժել է բոլոր առաջարկները: Նաև բանակցություններ են վարվել «Յուվենթուսի» հետ «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից: Բոլոր երեք ակումբները պատրաստ են Պյանիչին ավելի շատ գումար վճարել, քան «Բարսան» և «Յուվենթուսը», բայց նա հրաժարվում է:
Կատալոնացիները կարծում են, որ Պյանիչի տեղափոխությունը դրական կանդրադառնա ակումբի հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա: Թիմում նրան դիտարկում են որպես փորձառու վետերանի, որը կօգնի երիտասարդ խաղացողներին փորձ ձեռք բերել:
Պյանիչը խորը գիտելիքներ ունի «Բարսելոնայի» մասին, նա զարմացրել է ակումբի ղեկավարությանը այն մանրամասներով, որոնցով նա ծանոթ է թիմի արժեքներին:
«Ռեալը» և «Ինտերը» զրուցել են Ագուերոյի գործակալի հետ, բայց «Մանչեսթեր Սիթին» չի ցանկանում բաց թողնել խաղացողին
«Մանչեսթեր Սիթին» չի ցանկանում բաց թողնել հարձակվող Սերխիո Ագուերոյին:
Վերջին օրերին «Ռեալը» և «Ինտերը» տեղեկատվություն էին խնդրում արգենտինացու գործակալից: Սակայն «Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ վաճառել խաղացողին, ըստ լրագրող Նիկոլո Սկիրայի: Նշվում է նաև, որ Ագուերոյի և «Նապոլիի» միջև բանակցություններ չկան, չնայած հայտնված լուրերին:
«Ես ուրախ կլինեի վերադառնալ «Սևիլիա»: Ես դեռ նշում եմ նրանց գոլերը»․ Ռակիտիչ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը չի բացառում «Սևիլիա» վերադառնալու տարբերակը: Խորվաթը խաղացել է անդալուսյան ակումբի կազմում 2011-2014 թվականներին:
«Ես արդեն ասել եմ մի քանի անգամ` ուրախ կլինեի վերադառնալ «Սևիլիա»: Դիտում եմ այս թիմին, կարծես ես դեռ այնտեղ եմ: Ես նշում եմ նրանց բոլոր գոլերը, և կտեսնենք, թե արդյո՞ք ապագայում դա կարող է տեղի ունենալ:
Ի հիշատակ Ռեյեսի` 10-րդ համարը վերցնելը կլիներ առանձնահատուկ բան, եթե դա հնարավոր լիներ: Ես հպարտ կլինեի հարգանքի տուրք մատուցել նրան` վերցնելով նրա համարը»,- ասել է Ռակիտիչը «Սևիլիայի» մասին պատմող վավերագրական ֆիլմում։
Հիմա Ռակիտիչի ակումբային գրանցումը փոխելը շատ հավանական է թվում։ Կիսապաշտպան Իվան Ռակիտիչի և «Բարսելոնայի» միջև հարաբերությունները թեժանում են: Marca-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել 32-ամյա խորվաթին, բայց Ռակիտիչը մտադիր է ամբողջությամբ ավարտել իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, որը լրանում է 2021 թվականի ամռանը:
Նշվում է, որ Ռակիտիչը ցանկանում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը՝ որպես ազատ գործակալ:
Նրանք քննարկել են «Յուվենթուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բեռնարդեսկիի հետ Ռակիտիչի փոխանակման տարբերակը, բայց խորվաթը մտադիր չէ տեղափոխվել իտալական ակումբ:
Վերջին օրերին «Բարսելոնան» վերականգնեց կապերը «Յուվենթուսի» և «Ինտերի» հետ՝ առաջարկելով նրանց Ռակիտիչին: Ակումբը հույս ունի, որ կկարողանա խորվաթին ընդգրկել Լաուտարո Մարտինեսի համար նախատեսված գործարքում:
Ռակիտիչի համար նախընտրելի տարբերակներն «Ատլետիկո» կամ «Սևիլիա» տեղափոխվելն է, քանի որ Իսպանիայում նրա համար շատ հարմարավետ է: Այնուամենայնիվ, այս ակումբները պատրաստ չեն վճարել այն գումարը, որը «Բարսան» պահանջում է խորվաթի համար:
Այժմ կատալոնացիների խնդիրն է՝ համոզել Ռակիտիչին հեռանալ ակումբից՝ նրան տեղեկացնելով, որ հաջորդ մրցաշրջանում նա քիչ խաղային ժամանակ կստանա:
Նախկինում հաղորդվում էր Ռակիտիչի նկատմամբ «Տոտենհեմի», «Ատլետիկոյի» և «Սևիլիայի» հետաքրքրության մասին: Հայտնի է դարձել նաև, որ «Բարսելոնան» պատրաստ է կիսապաշտպանին բաց թողնել 20 միլիոն եվրոյով։
Ռակիտիչը մեկնաբանել է ակումբից իր հավանական հեռանալու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև այն փաստը, որ կարող է դառնալ Լաուտարո Մարտինեսի («Ինտեր») կամ Նեյմարի (ՊՍԺ) գործարքների մաս։
«Ես կարտոֆիլի տոպրակ չեմ: Ես կորոշեմ իմ ապագան: Ես ուզում եմ լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ եմ, որտեղ ես սիրված և հարգված եմ: Ես կխաղամ այնտեղ, երբ կորոշեմ»,- ասել է խորվաթ ֆուտբոլիստը։
Բեյլը չի մեկնի Միացյալ նահանգներ․ գործակալը հերքում է
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը հերքել է այն տեղեկությունները, թե իր հաճախորդի ծառայությունները առաջարկվել է MLS-ը ներկայացնող ակումբի:
Նշվում էր, որ Արևելյան կոնֆերանսի թիմը մերժել է տրանսֆերային տարբերակը` խաղացողի բարձր աշխատավարձի պատճառով:
«Սա անհեթեթություն է»,- ասել է ուելսցի գործակալը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը: ESPN-ը պարզաբանում է, որ Բեյլը և նրա ընտանիքը երջանիկ են Մադրիդում:
Ջոնաթան Բարնեթը չի կարծում, որ Բեյլը ամռանը կփոխի ակումբային գրանցումը։ Սակայն, իսպանական մամուլը գրել էր, որ Բեյլը կարող է ամռանը հեռանալ թիմից անվճար։
«Զիդանը ոչ մի դեպքում չի ցանկանում ազատվել Բեյլից: Գարեթը գոհ է Մադրիդում իր կյանքից: Ամեն ինչ լավ է: Նա կմնա «Ռեալում» առնվազն ևս երկու տարի: Կարծում եմ, որ Զիդանը և Բեյլը հիմա շատ լավ հարաբերություններ ունեն»,- ասել է Բարնեթը:
Հիշեցնենք, որ Բեյլի պայմանագիրը լրանում է 2022 թվականի ամռանը:
«Մենք պետք է դադարենք կանանց ֆուտբոլը համեմատել տղամարդկանց ֆուտբոլի հետ»․Մարտա
Բրազիլացի ֆուտբոլիստ Մարտան կարծում է, որ կանանց ֆուտբոլը չպետք է համեմատել տղամարդկանց ֆուտբոլի հետ:
«Մենք պետք է դադարենք կանանց ֆուտբոլը համեմատել տղամարդկանց ֆուտբոլի հետ: Ցավալի է նման համեմատություններ լսել:
Մարդիկ ասում են, թե Մարտան վեց անգամ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, բայց նա երբեք չի նվաճել աշխարհի առաջնությունը: Դե, Մեսսին և Ռոնալդուն նույնպես դարձան աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, բայց նրանք աշխարհի չեմպիոններ չէին:
Բայց սա այլ կերպ է ներկայացվում»,- ասել է Մարտան:
Իդելական ֆուտբոլիտը՝ ըստ իսպանական լրատվամիջոցի
Marca իսպանական հրատարակությունը հավաքել էր իդեալական ֆուտբոլիստի իր տարբերակը՝ վերցնելով մեկական որակ ներկա և նախկին լավագույն հարձակվողներից:
Ուժ, հզորություն. Ռոնալդո, նախկինում` «Ռեալ»
Արագություն․ Ջեյմի Վարդի, «Լեսթեր»
Էլեգանտություն, շնորհք. Մարկո վան Բաստեն, նախկինում` «Միլան»
Ձախ ոտք․ Լիոնել Մեսսի, «Բարսելոնա»
Աջ ոտք․ Կիլիան Մբապե, ՊՍԺ
Գլխով խաղ. Սանտիլանա, նախկինում՝ «Ռեալ»
Հնարավորությունների օգտագործում, հարմարվելու ունակություն. Գերդ Մյուլեր, նախկինում` «Բավարիա»
Գոլային հոտառություն. Գարի Լինեկեր, նախկինում` «Բարսելոնա», «Տոտենհեմ»
Բնավորություն, մտածելակերպ. Կրիշտիանու Ռոնալդու, «Յուվենթուս»:
ՊՍԺ-ի նախագահ Ալ Հելայֆին ֆուտբոլի ամենաազդեցիկ անձնավորությունն է
France Football-ը նշել է ֆուտբոլի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց:
Առաջին տեղը գրավել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին: Նա նաև ղեկավարում է Քաթարում հեռարձակող beIN Media Group-ը, որն ունի ավելի քան 55 միլիոն բաժանորդ և պատրաստում է 2022 թվականի Աշխարհի գավաթը Քաթարում:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն լավագույն եռյակում են:
«Ես հավատում եմ, որ կարևոր դեր չեն խաղում դերերը, դիրքերը կամ կոչումները: Ես երբեք չեմ մղվել դեպի նման բաները: Ես ավելի շատ կենտրոնանում եմ արդյունքների և ազդեցության վրա:
Իշխանության և ազդեցության խնդիրներ… կան լրագրողներ, որոնք պետք է վերլուծեն և մեկնաբանեն դրանք: Մենք բոլորս գիտենք, որ ուժը հանուն իշխանության, փառքի անընդհատ որոնումը միայն մաքուր ունայնություն է»,-ասել է Ալ-Խելաիֆին:
Սիրարփի Աղաբաբյան