Արմեն Սարգսյանի խորհրդավոր ուղերձը Վլադիմիր Պուտինին

Ինչպես հայտնի է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը, բավարարվեցին միայն միմյանց ուղղված շնորհավորական ուղերձներով։ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի բացակայությունն այս օրերին նույնպես ուշագրավ էր՝ հաշվի առնելով Կրեմլի պաշտոնական կայքում տեղ գտած շնորհավորական զանգերի բազմազանությունը: Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետը չի զանգահարել Վլադիմիր Պուտինին, Նիկոլ Փաշինյանը տարօրինակ պատասխան էր տվել. այդ օրը նա եղել է Արցախում:

Այս ոչ համարժեք պատասխանը, շատերի գնահատմամբ՝ լիովին տեղավորվում է այն մթնոլորտում, որը ձևավորվել է հայ-ռուսական հարաբերություններում, և այն ամենևին էլ չի կարող համարվել ռազմավարական գործընկեր երկրների ղեկավարների միջև ամենալավ շփումը: Սակայն մեկ այլ ուշագրավ փաստ ևս չվրիպեց մեր տեսադաշտից: Մայիսի 9-ին ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում չգտանք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը:

168.am-ը ՀՀ նախագահի աշխատակազմից հետաքրքրվեց՝ արդյոք Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղե՞լ է Վ. Պուտինին, եթե՝ այո, ապա ինչո՞ւ այն տեղադրված չէ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում, իսկ եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ չի շնորհավորել:

Որքան էլ տարօրինակ է, ՀՀ նախագահի աշխատակազմում տեղյակ չէին՝ շնորհավորե՞լ է արդյոք Արմեն Սարգսյանը Վլադիմիր Պուտինին, թե՞ ոչ, և խնդրեցին ժամանակ տրամադրել ճշտելու համար:

Ավելի ուշ ՀՀ նախագահ աշխատակազմի ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանը մեր թղթակցին տեղեկացրեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը Վլադիմիր Պուտինին ուղարկել է շնորհավորական ուղերձ: Իսկ հարցին, թե ինչո՞ւ այն չի դրվել նախագահի պաշտոնական կայքում, նա պատասխանեց. «Գիտեք, էդպես չի, որ կայքում բոլորը դրվում են, այստեղ որևէ հատուկ միտում չկա, նախագահը շնորհավորել է»:

Մեր թղթակիցը խնդրեց տրամադրել Արմեն Սարգսյանի ուղերձի տեքստը, և բաց հաղորդագրությամբ ստացանք այն՝ առանց պաշտոնական մակագրության:

«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում զոհվածների հիշատակի առաջ և երախտագիտություն հայտնում մեր թանկագին վետերաններին ու բոլոր նրանց, ովքեր վճռական ներդրում ունեցան աշխարհը նացիզմից ազատագրելու գործում: Համոզված եմ, որ ամենածանր փորձություններով կոփված բազմադարյա մեր բարեկամությունն այսուհետ ևս ամուր հիմք կծառայի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցությունը համատեղ ջանքերով զարգացնելու համար՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների»,- ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի՝ ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Սակայն նկատենք, որ խիստ տարօրինակ է պարզաբանումը, թե՝ «Գիտեք, էդպես չի, որ կայքում բոլորը դրվում են, այստեղ որևէ հատուկ միտում չկա»: Ինչո՞ւ է ստորադասվում և նման գնահատականի արժանանում ռազմավարական գործընկեր երկրին ուղղված ուղերձը, մանավանդ, երբ հայ-ռուսական հարաբերությունները, փորձագիտական գնահատականներով, մեղմ ասած՝ այնքան էլ բարենպաստ մթնոլորտում չեն՝ որևէ խելամիտ բացատրության չի դիմանում:

ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից, երբ հայ-ռուսական բարձրաստիճան հարաբերությունները ժամանակ առ ժամանակ սրվում են որոշ իրադարձությունների ու հայտարարությունների ազդեցության ներքո, բնականաբար, Արմեն Սարգսյանի կողմից ուղերձի՝ հանրությունից գաղտնի պահելն անհասկանալի է:

Սակայն կարևոր ու ոչ պակաս ուշագրավ է նաև մեկ այլ փաստ, որ Արմեն Սարգսյանի վերոնշյալ ուղերձը տեղադրված չէ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքէջում: Մայիսի 5-ից շնորհավորական հեռախոսազանգերի մասին տարբեր երկրների նախագահների զրույցների մասին լուրերի տեղատարափում ոչ մի խոսք չկա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձի մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այդ օրերին ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր բոլոր եվրասիական և ԱՊՀ գործընկերների հետ։

Օրինակ, մայիսի 7-ին ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ՝ ուզբեկական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում նախագահները միմյանց շնորհավորել էին։

Նույն օրը ղազախական կողմի նախաձեռնությամբ նույնաբովանդակ զրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև, ապա մայիսի 8-ին Պուտինը խոսել էր Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, ապա՝ Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, մայիսի 9-ին նույնպիսի զրույց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Պուտինի և Ալիևի միջև, ինչպես նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև։

Ի դեպ, հաղորդագրությունների մեծ մասի դեպքում նշված էր, թե որ կողմն է նախաձեռնել հեռախոսազանգը, և բոլոր զանգերը նախաձեռնել էին գործընկերները։

Եվ ինչպես երևում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքի լրահոսից և դրա բովանդակությունից, միայն Հայաստանի իշխանությունների կողմից այս թեմայով որևէ շփում տեղի չի ունեցել։

Խնդիրը, իհարկե, շնորհավորանքների կամ հեռախոսազանգերի մեխանիկական բացակայությունը չէ, այլ այն, որ այդ բացակայությունը վկայում է հայ–ռուսական հարաբերություններում առկա խորքային ճգնաժամի մասին, որի հաղթահարման ուղղությամբ հայկական կողմից որևէ տեսանելի քայլ չի կատարվում։

Ավելին՝ ուղերձներն էլ երկուստեք այնքան ոչ կարևոր են համարվում, որ տեղ չեն գտնում երկրների նախագահների պաշտոնական կայքէջերում:

Տեսանյութեր

Լրահոս