Բաժիններ՝

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ

Արցախում կրթության ոլորտում բարեփոխումների նոր փուլ է սկսվում: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձում նշել էր, որ նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, ներկայացնելով կրթական բարեփոխումների ծրագրի մանարամասները, նշեց, որ որոշումն ունենալու է հետադարձ ուժ: Այսինքն, ամենայն հավանականությամբ վերաբերելու է պետական ուսումնական հաստատություններում ընդունված և արդեն սովորող ուսանողներին:

«Այս ծրագրի հետ կապված առաջին ոգևորությունն ու արձագանքը ստացել ենք այս տարվա շրջանավարտներից: Բայց ասեմ, որ թեպետ պետական հաստատություններում ուսուցումն անվճար է լինելու, սակայն ընդունելության պայմաններն են խիստ լինելու: Ծրագրի նպատակը միայն սոցիալական խնդիր լուծելը չէ: Կառավարությունն այս ծրագրով փորձելու է խստացնել կրթության նկատմամբ պահանջները, լուրջ ուշադրություն է դարձվելու, թե դասախոսական անձնակազմի որակական հատկանիշներին, թե ընդհանուր կրթական մակարդակի որակի բարձրացմանը»,ասաց նա:

Կրթությունն անվճար է լինելու նաև միջին մասնագիտական պետական կրթական հաստատություններում: Այլևս պետական ուսումնական հաստատությունները կախված չեն լինելու ուսանողների վարձավճարներից: Վահրամ Պողոսյանը նշեց, որ այդ հանգամանքը որոշակի բացասական հետանքներ է ունեցել, ընդհանուր առմամբ, կրթական որակի վրա: Այս փոփոխությունը ենթադրում է, որ պետությունը պետք է պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն ավելացնի:

«Մասնավոր բուհերը, դրանից ելնելով, պետք է փորձեն մրցակցային առավելություն ունենալ, կարողանան ավելի բարձր, ժամանակակից կրթական պահանջներին համահունչ դասավանդում իրականացնել: Մենք պետք է ունենանք այնպիսի կրթական համակարգ, որ մասնագիտական ուսումնական հաստատությունից դուրս եկող շրջանավարտն ունենա համապատասխան մասնագիտական բարձր որակավորում»,-ավելացրեց նա:

Վահրամ Պողոսյանը նշեց, որ նպատակ ունեն ուժեղացնել միջին մասնագիտական հաստատությունները: Նրա խոսքով՝ այս ուղղությամբ նախագահի ցանկությունն է բուհ չընդունվողների համար միջին մասնագիտական կրթական հնարավորություններն ընդլայնել՝ ուժեղացնելով քոլեջները: Խնդիր է դրված լուծել միջին մասնագիտական ոլորտում պահանջված մասնագետների հարցը:

Հարցին, թե արդյոք փոփոխություններով պայմանավորված կրթական հաստատություններում աշխատողների թվի վերանայում կլինի, Վահրամ Պողոսյանը նշեց, որ եթե խնդիր է դրվում որակի վրա, ապա հասկանալի է, որ այն առաջին հերթին պետք է ապահովեն դասավանդողները:

Արցախում գործում է երկու պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, 4 պետական քոլեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս