«Հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն». Ռուբեն Մելիքյանը՝ Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման մասին
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքին.
«Հենց նոր զրուցեցի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։ Դեպքի կապակցությամբ լիազորված եմ հայտնել հետևյալը. Աթանեսյանի տան մերձակա տարածքում մի քանի լածիրակ առանց որևէ առիթի լկտի ձևով հայհոյել ու սպառնացել են նրա տիկնոջն ու անչափահաս երեխաներին այն ժամանակ, երբ փաստաբանը տանը չի եղել։ Խուլիգանությունը շարունակվել է նաև այն ժամանակ, երբ Աթանեսյանը տուն է վերադարձել։ Տուն ներխուժելու փորձը չի հաջողվել՝ բացառապես երկաթե դռան շնորհիվ, այնուհանդերձ հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն։ Ոտնձգությունը խափանվել է միայն ոստիկանության ժամանումից հետո։ Ներկայում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։
Դեպքի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներով Տիգրան Աթանեսյանը հանդես կգա վաղը՝ մամուլի ասուլիսի ձևաչափով»:
Հիշեցնենք, որ 168.am-ի տեղեկություններով` երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: Ըստ մեզ հասած տեղեկությունների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ: