«Իրենք նոր բան չեն արել. հին կառավարության նախագիծը, որի ընդունումն անընդհատ ձգվում էր, իրենք անցկացրել են». Վահե Վարսանյան
«Կառավարության ընդունած որոշման արդյունքում հեշտացվել է դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգը, ինչի շնորհիվ ակտիվացել է մրցակցությունը, և ուղիղ ներկրմամբ ներմուծվող դեղերի մեծածախ գները 2019 թվականին միջինում նվազել են 6 տոկոսով: Բացի այդ, շուկայում հայտնվել են հիմնական ներմուծվող դեղերից միջինում 13 տոկոսով ցածր գնով զուգահեռ ներմուծվող դեղեր»,- այսօր մամլո ասուլիսում «Նոր Հայաստանի 100 փաստերը» ներկայացնելիս՝ տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տվյալները, որ իրեն ներկայացվել են, թերի է. բաներ կա, հիմա հեշտացվել է՝ համաճարակի հետ կապված: Զուգահեռ՝ շատ կարևոր դեղեր կան՝ նույնիսկ երկու-երեք անգամ գներ է իջել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը:
Նաև հավելեց, որ կառավարության հիշյալ որոշումը կոսմետիկ նշանակություն է ունեցել. «202 որոշումը կոսմետիկ է ազդել, բայց հիմա, հաշվի առնելով արտակարգ դրությունը և այն, որ դրանով պայմանավորված՝ նախարարությունը թույլատրում է բոլոր դեղերը ներկրել, էապես գներ են իջել»:
Արձագանքելով դիտարկմանը, թե Ն. Փաշինյանը սույն փոփոխությունը շատ է կարևորել՝ ասելով, որ այդ հարցը Հայաստանում չէր լուծվում, Վ. Վարսանյանը հայտնեց՝ տվյալ որոշման նախագիծը նախորդ կառավարության նախագիծն է եղել.
«Իրենք նոր բան չեն արել. հին կառավարության նախագիծը որ կար, անընդհատ ձգվում էր դրա ընդունումը, իրենք անցկացրել են:
Դա հինն էր ու վատն էր. վրան ահագին առաջարկներ ենք արել Կառավարությանը, նախարարությանը, զոռով մի քանիսն ընդունել են: Էդքան պայքարել ենք, երեսուն կետ առաջարկել ենք, ու էդ 30 կետից ընդամենը 4-5 կետն են որոշման մեջ մտցրել»:
Նա հույս հայտնեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված պարզեցված ընթացակարգերը կշարունակեն գործել նաև արտակարգ դրության ավարտից հետո: