«Չեմ հիշում, որ պինցետով հանելու և արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել».Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռացել է երկու ամիս առաջ արված իր  հայտարարությունները, թե կորոնավիրուսը պինցետով կարելի է հանել ու օղիով դեզինֆեկցիա անել:

Հիշեցնում ենք՝ հայտարարությունը վարչապետն արել էր մարտի 12-ին՝ Վայոց ձորի մարզում, հենց մարզպետարանի շենքի մոտ ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ:

«Ու էդ կորոնավիրուսներին իրար հետ հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք և ուղարկենք իրանց գործերին»,- ասել էր վարչապետը:

Իսկ այսօր առցանց ասուլիսի ընթացքում, երբ հնչեց լրագրողի հարցը, թե ինչո՞ւ է ամեն ինչում մեղավոր ժողովուրդը, երբ  ամիսներ առաջ համաճարակի մասին նման բնորոշումներով արտահայտվում էր վարչապետը՝ այն դեպքում, երբ հայտարարությունից մեկ օր առաջ՝ մարտի 11-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա էր հայտարարել, եվրոպական երկրներում  ևս կարանտին էր հայտարարվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց

«Ես նախ չեմ հիշում, որ պինցետով հանելու և արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել, գուցե այլ շրջանակում ա հնչել այդ հայտարարությունը»։

Բայց  վարչապետը չժխտեց, որ ամիսներ առաջ՝ մարտի 1-ին, երբ Հայաստանում կորոնավիրուսով առաջին վարակակրի դեպքն էր արձանագրվել, ասել էր՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ մի հատ էլ կորոնավիրուսը մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի»:

«Էլի որ՝ ո՞ւմ շունն ա, բայց շները նաև կծելու հատկություն ունեն,  և մենք ասում ենք ՝ եկեք նենց անենք, որ կա՛մ էդ շան պարանը ձեռներս պահենք, կա՛մ էնպես անենք, որ մեզ չկծի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ինքը քաղաքացիներին չի մեղադրում, ու առանց քաղաքացիների հետ համագործակցության՝ երկրի կառավարում չի պատկերացնում:

Տեսանյութեր

Լրահոս