«Օրենքում եղել է, որ ես չպետք է ծառայեմ, չեմ ծառայել: Հիմա օրենքն ասում է ծառայել՝ ծառայեք». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացավ, երբ հնչեց 168.am-ի՝ իրեն ուղղված հարցը, ԿԳՄՍ նախարարության կողմից 26 տարին լրացած ասպիրանտներին ուսումն ավարտել չթույլատրելու մասին: Հարցը, իհարկե, ամբողջությամբ չհնչեց, վարչապետն ընդհատեց, երբ լսեց հարցում ներառված Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի 451-Ն որոշման մասին հատվածը։
Նախ՝ մեկ անգամ էլ ճշտեց, թե որ թվականի մասին է նշված որոշումը, ապա ասաց, թե որոշումը, որի համաձայն՝ տարկետումը մինչև 26 տարին լրանալն է գործում, ընդունվել է նախորդ իշխանության կողմից, իսկ իրենք այն փոխելու մտադրություն չունեն:
«Էդ ասպիրանտները, որոնք ընդունվել են, իմացել են՝ ինչ պայմանով են ընդունվում, իմացել են, որ 26 տարին լրանալուն պես նրանց տարկետման իրավունքը ավարտվելու է: Ընդհանրապես մեր երկրում, գիտեք, շատ զարմանալի բան կա: Մենք մյուս կողմից մեր անվտանգային պայմանները բոլորս առաջնահերթ ենք համարում, բոլորս առաջնահերթ ենք համարում, որ մեր բանակը լինի մարտունակ, և այլն, և այլն, բայց երբ որ ծառայության գնալու հարցը գալիս, հասնում ա մեզ, մենք ասում ենք՝ բա ո՞նց կլինի, ինչի՞ տարկետումը չեք երկարացնում:
Միայն խնդրում եմ՝ էս հարցին ի պատասխան՝ չասեք, որ ես բանակում չեմ ծառայել: 1991 թվականին մեր պետությունը օրենք ա ընդունել, որ էս կատեգորիայի մարդկանց չենք տանում բանակ, իրանց պետք չի տանել բանակ, չեմ գնացել բանակ: Այսինքն, օրենքը եղել ա, որ չպետք ա ծառայել, ես չեմ ծառայել: Հիմա օրենքը էսպես ա, որ պետք ա ծառայեք՝ ծառայեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում